ԿԱՅԱՑԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ս․ թ․ մայիսի 7-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի  հերոսների անվան լսարանի բացումը: Լսարանն անվանակոչվեց ի պատիվ Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների՝ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՔԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԳԵՂԱՅՐԻ ԱՂԵԿՅԱՆԻ, ԱՐՏՅՈՄ ՎԻԳԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԻՎԱՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ, ԶԱՐԶԱՆԴ ՆԵՐՍԻԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ՄԱՆՎԵԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՆՎԵՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՅՈՒՐԱ ԱՐՏՅՈՄԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ, ՌՈՒԲԵՆ ԱՇՈՏԻ ՊՐԱԶՅԱՆԻ, ՎԱՀԱԳՆ ՌՈՒԲԵՆԻ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ։

Բացման արարողությանը ներկա էին անմահացած զինծառայողների ծնողները, հարազատները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի  առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, ուսանողներ:

Բացմանը խոսքով հանդես եկավ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ ԳՊՀ ռեկտորը նշեց, որ լսարանը այսուհետ  մի սրբավայր է, որտեղ տեղադրված են լուսեղեն հերոս տղաների՝ համալսարանի  ուսանողների և  ուսանողի ծնողի՝ Վահրամ Սեյրանյանի անձնական իրերը, լուսանկարները, պարգևները, հուշ-նվերները, Արցախից բերված հող և բազմապիսի այլ մասունքներ։ Տիկին Հակոբյանն իր խոսքում նշեց, որ մեր ուսանողները մաքառեցին հանուն հայրենիքի և անմահացան՝ սերունդներին թողնելով պայքարելու և արարելու պատգամը։

ԳՊՀ ռեկտորն այնուհետ խոսքը փոխանցեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանին, ով   օրհնության կարգից հետո ոգեկոչման խոսքերով դիմեց հերոսների ծնողներին ու հարազատներին։

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․ «Գավառի պետական համալսարանի մեր հերոսները պարտքի գերագույն գիտակցումով էին մեկնել զինվորական ծառայության և անսասան կանգնած էին հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մեր քաջերը դա ապացուցեցին իրենց հերոսական մաքառմամբ, անձնազոհությամբ ու աննկուն կամքով։ Գավառի պետական համալսարանի պատմությունը հարստացավ փառքի անջնջելի էջերով, հերոսության այնպիսի դասերով, որոնք միշտ սերտելու են այս հաստատությունում սովորող սերունդները։ Մեր քաջերի անունները, նրանց գործած սխրանքները երբեք չեն մոռացվի ոչ միայն այս պատերի ներսում, այլև մեր ամեն մի քաղաքում ու շենում, մեր հոգիներում, դասագրքերում, ամենուրեք»։

Խոսքով հանդես եկավ նաև Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ ԳՊՀ ուսանողներ Անահիտ Շահինյանն ու Լիաննա Օհանյանը ներկայացրին հերոսների անցած ճանապարհը: Ցուցադրվեցին հերոսների մասին պատմող տեսաֆիլմեր: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, հիշատակի, նվիրումի և ոգեկոչման խոսքեր։

Միջոցառումն ամփոփվեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանի, հայոց պատմության դասախոս Քանաքարա Հայրապետյանի, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Սիրանուշ Խանդանյանի դեպի ծնողներն ուղղված խոնարհման և շնորհակալության խոսքերով։

Արցախյան պատերազմի անմահ հերոսները հայրենասիրության անմոռանալի դաս տվեցին մեզ՝ ապրողներիս։ Նրանք ապացուցեցին, որ Հայրենիքը վեր է ամեն ինչից, որ հայրենասիրությունը հանուն Հայրենիքի և մայր ժողովրդի՝ ոչինչ չխնայելն է, մատաղ կյանքը վասն հայրենյաց զոհաբերելն է։ Հերոսները սերունդներին   ազգօգուտ գործունեության պատգամը թողեցին։

Հավերժ փառք  բոլոր հերոսներին։

Հրապարակվել է 07.05.2022