ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավարտվեց Գավառի պետական համալսարանի իրականացրած հերթական վերապատրաստման դասընթացը, որին առցանց մասնակցում էին համալսարանի դասախոսներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, ուսանողներ։

Դասընթացի շրջանակում «Նախագիծ. նախագծի իրականացման քայլերը»  թեման ներկայացրեց Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ գնահատման բաժնի մասնագետ Սաթենիկ Հայթյանը: Ներկայացնելով նախարարի կողմից հանրակրթական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2022 թ. փետրվարի 18-ին հաստատված ուսումնական նախագծերի իրականացման կարգը՝ նա խոսեց նախագծային գործունեության կարևորության, նախագծային աշխատանքների, դրանց իրականացման քայլերի, տեսակների, ներկայացման ձևերի և գնահատման չափանիշների մասին: Կարևորվեցին նախագծերի իրականացման աշխատանքները, որոնց նպատակն է սովորողի ճանաչողական հմտությունների, մտքերը գրագետ ձևակերպելու, ըստ իրավիճակի ճիշտ կողմնորոշվելու, քննադատական, վերլուծական  և ստեղծագործական մտածողության կարողությունների  զարգացումը:

«Րիվինի մեթոդիկան  և Րիվինի հակադարձ մեթոդիկան» թեմայով դասը վարեց ԿԶՆԱԿ գնահատման բաժնի մասնագետ Վարսենիկ Հովսեփյանը: Նա մասնակիցներին ծանոթացրեց Րիվինի մեթոդիկայի առանձնահատկություններին, ներկայացրեց, թե սովորողների փոփոխվող զույգ կազմերով աշխատանքների իրականացման շնորհիվ ինչպես կարող են զարգանալ նրանց հաղորդակցական հմտությունները, անդրադարձավ տեքստերի ընկալման և վերլուծության  կարողություններին, ընդգծեց, որ Րիվինի մեթոդիկան նախատեսված է ուսումնական, գեղարվեստական և գիտական բարդ տեքստերի ուսումնասիրման համար, իսկ տեքստը պարբերություններով ուսումնասիրելու մեթոդիկայի կիրառումը սովորողների մեջ ձևավորում է այն վերլուծաբար հասկանալու կարողություն՝ ապահովելով նրանց ակտիվ ընդգրկվածությունը ուսուցման գործընթացին:

Մասնակից ուսուցիչների կողմից հնչեցին հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում։

Հրապարակվել է 05.05.2022