Ս. թ. ապրիլի 30-ին Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ ուսանողական հանրապետական ամենամյա գիտաժողովը։ Առցանց գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի և Արցախի տարբեր բուհերի՝ Գավառի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները, «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնի ներկայացուցիչները, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ։
Գիտաժողովի ծրագրում ներառված էին բնական գիտությունների, պատմության, իրավագիտության, տնտեսագիտության, հայոց լեզվի և գրականության, հոգեբանության և մանկավարժության, օտար լեզուների, սոցիոլոգիայի և այլ ոլորտների արդի մարտահրավերների վերաբերյալ տարաբնույթ զեկուցումներ:
Գիտաժողովը մեկնարկեց Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Արփի Միրիբյանի բացման խոսքով:
Ռեկտորատի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուզաննա Հակոբյանը` շեշտելով նման գիտաժողովների կարևորությունը և նշանակությունը ուսանողների՝ որպես երիտասարդ հետազոտողների ներուժի բացահայտման և գիտական մտքի զարգացման գործում:
Համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը կարևորեց ուսանողների հետազոտական աշխատանքներ կատարելու և գիտական զեկուցումներ պատրաստելու ունակությունները։ Ռեկտորատի անդամները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին և նրանց գիտական ղեկավարներին՝ երիտասարդներին մաղթելով հետագա հաջողություններ գիտահետազոտական աշխատանքի և այլ ոլորտներում։
Լիագումար նիստում ‹‹Կանանց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը որպես տնտեսական աճի բաղադրիչ›› թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրոս, ՈՒԳԸ նախագահ Արփի Միրիբյանը: Թեմայի շրջանակում, գնահատելով Հայաստանում առկա իրավիճակը, զեկուցողն անդրադարձավ կանանց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկություններին, հիմնական մարտահրավերներին և կարևորեց կանանց դերը տնտեսության զարգացման և հավելյալ արժեքի ստեղծման գործընթացում։ Լիագումար նիստի ավարտից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական բաժանմունքներում։ Հետաքրքիր և բովանդակալից զեկուցումներին հաջորդեցին հարցուպատասխանը և ուսանելի մասնագիտական քննարկումները։