ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Արցախի պետական համալսարանի կազմակերպած՝ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների 13 ուսանողներ: ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ուսանողներին հանձնեց Արցախի պետական համալսարանի շնորհած հավաստագրերը:

Ներկաները նախ գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում անմահացած հայորդիների հիշատակը:

Տիկին Հակոբյանը նշեց, որ հանուն հայրենիքի կենաց-մահու պայքարի ելած և մինչև պատերազմի ավարտը անձնազոհաբար մարտնչած Վահագն Ռուբենի Սեյրանյանի դուստրը՝ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Վահագնի Սեյրանյանը մասնակցել է Արցախի պետական համալսարանում կայացած գիտաժողովին և պատվով ներկայացրել է բուհը։ Ռեկտորը կարևորեց նաև ԳՊՀ ուսանողների մասնակցությունը Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի կազմակերպած «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովին և խրախուսեց ուսանողներին՝ հետայսու ևս լավ սովորել, ակտիվորեն մասնակցել գիտաժողովներին, կայանալ որպես որակյալ մասնագետներ և նվիրումով ծառայել հայրենիքին՝ հավատարիմ մնալով հերոսների պատգամներին։

Հրապարակվել է 26.05.2022