Պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ վճռորոշ հաղթանակները մենք ձեռք ենք բերել մայիս ամսին։ Մայիսին՝ գարնան զարթոնքի հետ միասին մեզ փոխանցվել է հույս, հավատ դեպի սեփական ուժն ու հնարավորությունները՝ հանուն միասնական պայքարի, սպասված հաղթանակի և նոր ձեռքբերումների։ Հայ ժողովրդի ազգային տոնացույցում մայիսի 9-ը հիշատակվում է որպես եռատոնի հիշարժան օր։ Մայիսի 9-ին հայ ժողովուրդը մեծ շուքով և ոգևորությամբ նշում է 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության բանակի ստեղծման տարեդարձը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարբեր ռազմաճակատներում մարտնչել և ձեռք բերված հաղթանակում իրենց ներդրումն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է չորս մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Հովհաննես Իսակով և Խորհրդային Միության 106 հերոսներ։ Հայրենական մեծ պատերազմը միանշանակ մեր հաղթանակն էր, քանի որ առկա էր վտանգ Թուրքիայի կողմից, ով սպասում էր Ստալինգրադի վճռորոշ ճակատամարտի ելքին, որպեսզի իր զորքն առաջ շարժեր դեպի Խորհրդային Հայաստան։ Հայ ժողովուրդը մայիսի 9-ին նշում է իր համար կարևոր, ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Շուշիի ազատագրման օրը, որը բեկումնային դարձավ Արցախյան պատերազմում և մատնանշեց հետագա հաղթանակների ու Հայոց պետականության ամրապնդման ուղին:
Մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան եռատոնի կապակցությամբ և մաղթում, որ Հայրենական պատերազմի և Շուշիի փառահեղ ազատագրման հաղթական ոգին ոգևորի յուրաքանչյուր հայորդու և նպաստի մեր հայրենիքի շենացմանը և հզորացմանը, միասնական ուժերով նոր հաղթանակների կերտմանն ու խաղաղության ապահովմանը։