ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏՈՆԸ

20-րդ դարի սկիզբը հագեցած էր հայ ժողովրդի ճակատագրին առնչվող պատմաքաղաքական բախտորոշ իրադարձություններով՝ Առաջին համաշխարհային պատերազմ, Մեծ եղեռն, ռուսական երկու հեղափոխություններ, Անդրկովկասի անկախացում, Մայիսյան հերոսամարտեր։ Միմյանց հաջորդող իրադարձությունների հորձանուտում Արևելյան Հայաստանում ապաստանած հայ ժողովրդին, հայրենիքի պաշտպանության և պահպանության կարևորությունից ելնելով,  անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի  բզկտվող քարտեզի վրա՝ հակառակ դեպքում Հայոց հայրենիքը բաժան-բաժան կլիներ հարևան ոչ բարյացակամ երկրների միջև։

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ ազդարարվեց Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը: Հայ ժողովուրդը կարողացավ 977 տարի անց վերականգնել իր անկախությունը։

Այսպիսով, եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի անկախության հռչակումը ոչ միայն պատմական  անհրաժեշտություն էր, այլև միակ նախընտրելի ուղին, քանի որ  1918 թվականի մայիսին օրակարգում դրված էր հայ ժողովրդի լինել-չինելու, իր հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում ապրելու, գոյատևելու խնդիրը։ Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրրը և հռչակեց իր անկախությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսի 28-ի տոնը՝ Հանրապետության օրը։

 

Հրապարակվել է 28.05.2022