ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ  ԻՐԱԶԵԿՎԵՑԻՆ  ‹‹QUANTA›› ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ  ԾՐԱԳՐԻ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Հայ-ռուսական համալսարանի  ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ  Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Սարգսյանը ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող  «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը։

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի ուսանողներ, դասախոսներ։

«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի կրթական  ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են  զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել մեկնարկային ծրագրեր (ստարտափներ), որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

Հանդիպման ընթացքում պարոն Սարգսյանի կողմից ներկայացվեցին կրթական ծրագրի առանձնահատկությունները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։

Պրոֆեսոր Սարգսյանը անդրադարձավ նաև «Quanta» ամառային դպրոցին, որի նպատակն է աշխատել համապատասխան գիտելիքներ և կարողություններ ունեցող ուսանողների հետ, նրանց զինել գիտելիքներով և ընդգրկել նրանց մագիստրոսական կրթական ծրագրում։

 

 

Հրապարակվել է 11.06.2022