ԳՊՀ  ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ  ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ  «ԳԻՏՈՒԹՅԱՆ  ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՐ-2022»  ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ս․ թ․ հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ  «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը, որի հիմնական բանախոսն էր մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021 թ.Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը։

Համաժողովին մասնակցեցին նաև Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, սոցիոլոգ, հրապարակախոս, Աբու-Դաբիի Նյույորքյան համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Krisp ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ, «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը, ինչպես նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր ու տնօրեն Մարի Լու Փափազյանը և ուրիշներ։

Ռուբեն Ենիկոլոպովը հանդես եկավ «Թվային տնտեսության խոստումն ու վտանգը» թեմայով ելույթով, Գարիկ Իսրայելյանը՝ «Անհայտ Սթիվեն Հոքինգ. Քեմբրիջից Սթարմուս» թեմայով, Մարի Լու Փափազյանը՝ «Պետք է անենք ամենը, որպեսզի նոր սերունդը հաջողի» թեմայով։

Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձան թվային տնտեսությանը, տնտեսության հզորացման գործում գիտության դերին, նոր սերնդի կրթության և հաջողության հասնելու հնարավորություններին, որից հետո պատասխանեցին  համաժողովի մասնակիցների հարցերին։

Միջոցառման երկրորդ հատվածում Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր  Արմեն Խերլոպյանը Արդեմ Փաթափությանի հետ վարեց քննարկում՝ «Ինչպես է գիտությունն ուժեղացնում տնտեսությունը» թեմայով։ Հայազգի Նոբելյան մրցանակակիրը  ներկայացրեց իր հայտնագործության մանրամասները, կիսվեց իր փորձով, նաև պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին։

«Հայաստանում հիանալի ընդունելության արժանացա, այդ թվում՝ գիտնականների կողմից, հանդիպեցի շատ խելացի մարդականց, երիտասարդների։ Այդպիսի շփումը պատիվ եմ համարում։ Դա ցույց է տալիս, թե ինչին է Հայաստանը կարևորություն տալիս։ Եթե ​​ես կարողանամ օրինակ դառնալ երիտասարդ գիտնականների համար, դա կլինի իմ ամենամեծ ձեռքբերումը», — ասաց  Արդեմ Փաթափությանն իր խոսքում:

Համաժողովի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորեց գիտության դերը որպես առանցքային գործոն երկրի շարունակական զարգացումն ու տնտեսական հաջողություններն ապահովելու համար։

Գավառի պետական համալսարանից «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովին մասնակցեցին տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը և նույն ֆակուլտետի ուսանող Հայկ Մարգարյանը։

 

 

 

Հրապարակվել է 16.06.2022