ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Գրոզնիի ակադեմիկոս Միլիոնշչիկովի անվան պետական նավթային տեխնիկական համալսարանի պրոռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր Ռուստամ Սալգիրիևը կնքեցին համգործակցության հուշագիր։ Հուշագրում նախատեսված են համագործակցության հետևյալ ուղղությունները՝ կրթական, գիտահետազոտական, փորձի փոխանակման, ուսանողների համար լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման և այլն։

Առաջին համատեղ ձեռնարկը կյանքի կկոչվի ս․ թ․ հուլիսի 10-ից 24-ը։ Նշված ժամանակահատվածում ԳՊՀ 20 ուսանող՝ համալսարանի պրոֆեսոր Արմեն Սահակյանի ղեկավարությամբ կմեկնեն Գրոզնի և կմասնակցեն գործընկեր բուհի կազմակերպած ‹‹Ամառային համալսարան›› ծրագրին։ Բոլոր ծախսերը հոգում է ընդունող կողմը։ Պարոն Սալգիրիևը ներկայացրեց տեսաֆիլմ և շնորհանդես Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի պատմության և գործունեության մասին՝ նշելով, որ 2020 թվականին համալսարանը տոնեց իր հիմնադրման 100-ամյակը։

Համագործակցության հուշագրի կնքմանը ներկա էին ԳՊՀ վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, ծնողական համայնքի ներկայացուցիչներ, ովքեր ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները ‹‹Ամառային համալսարան›› ծրագրի, ուսուցման և հանգստի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև հայտնեցին իրենց երախտագիտությունը Գրոզնիի համալսարանին՝ ԳՊՀ ուսանողներին ընձեռած հնարավորության և հետագա համագործակցության պատրաստակամության համար։

Հրապարակվել է 18.06.2022