Գավառի պետական համալսարանի դասախոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցեց Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիում ս․ թ․ հուլիսի 15-ից 17-ը կայացած միջազգային երրորդ գիտաժողովին՝ «Կովկասը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում. պատմամշակութային ժառանգության պահպանման և բացառիկ օբյեկտների վերականգնման հիմնախնդիրները» խորագրով։ Պարոն Սահակյանը Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի պրոռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր Ռուստամ Սալգիրիևի հետ համահեղինակությամբ ներկայացրեց զեկուցում նվիրված մշակութային կոթողներին որպես ազգային ինքնության խորհրդանիշների՝ պատմության և արդիականության տեսանկյուններից, դրանց արժեքին՝ անցյալը ներկային ու ապագային շաղկապելու, սոցիալ-տնտեսական բացառիկ նշանակության և օգտակարության առումներով։ Արմեն Սահակյանը բովանդակալից շնորհանդեսի և հետաքրքիր տեսաֆիլմի միջոցով ներկայացրեց հայկական պատմամշակութային կոթողները՝ Գառնիի հեթանոսական տաճարը, Գեղարդի վանական համալիրը, Նորավանքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրը, Զվարթնոցը, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում եզդիների էթնոմշակութային խորհրդանիշներին։
Գիտաժողովին ներկայացվեցին զեկուցումներ՝ «Չեչնիայի Արգուն թանգարան-արգելոցը՝ հատուկ պահպանվող գոտի. մշակութաբանական մեկնաբանման փորձ», «Դերբենդի պետական պատմաճարտարապետական և հնագիտական արգելոց-թանգարանը», «Դերբենդ քաղաքի հնագույն մասի պաշտամունքային պատմաճարտարապետական հուշարձանները» և այլ թեմաներով։
Գիտաժողովի բաժանմունքներում ներկայացվեցին և քննարկվեցին Կովկասի պատմամշակութային ժառանգության մաս կազմող եզակի արժեքների ուսումնասիրության ու պահպանման, դրանց վերանորոգման և օգտագործման մասին օրենսդրության բարեփոխման, պատմամշակութային համալիրների զարգացման հիմնահարցերը, կարևորվեց թանգարան-արգելոցների, հատուկ պահպանվող գոտիների դերը ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։ Ներկայացվեց նաև Սանկտ Պետերբուրգի պատմական միջավայրի պահպանման փորձը։
Գիտաժողովին ներկա էին Գավառի պետական համալսարանի ուսանողները, ովքեր այս օրերին մասնակցում են Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի կազմակերպած ‹‹Ամառային համալսարան›› ծրագրին։