ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿ ՀԵՔԻՄԻ ՕՀԱՆՅԱՆԸ

 

Գավառի պետական համալսարանը ծանր կորուստ կրեց կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն, բազմավաստակ մանկավարժ, նվիրյալ մտավորական, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Հեքիմի Օհանյանը, ով իր ողջ գիտակցական կյանքում՝ շուրջ վեց տասնամյակ ծառայել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության  շնորհակալ գործին։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը խորապես վշտակցում է Օհանյանների ընտանիքին, հարազատներին, Հայկ Օհանյանի բոլոր տարիների գործընկերներին, աշակերտներին և ուսանողներին, բոլոր համալսարանականներին, քանզի  ծանր կորուստը ընդհանուր է․․․

Բոլորի սիրելի ընկեր Օհանյանը իր լուսավոր կերպարով միշտ կհիշվի  որպես Սարուխանի թիվ 2 դպրոցի տնօրեն, Գավառի պետական համալսարանի մանկավարժության բաժնի խոհեմ և բազմափորձ դասախոս,  բարի ու ազնիվ, վստահելի ու շիտակ ընկեր, մարդկային և մասնագիտական բարձր որակներ կրող գործընկեր,   խստապահանջ ու միաժամանակ ուշադիր և հոգատար դասախոս, խորհրդատու բարեկամ՝ որպես Մարդու, Մտավորականի, Ուսուցչի, Դասախոսի,  նվիրյալ Մանկավարժի ու Տնօրենի վեհ օրինակ։

Հայկ Օհանյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանի խորհրդային սոցիալիստական Հանրապետության /ՀԽՍՀ/ Նոր Բայազետի շրջանի   Սարուխան գյուղում, ծառայողի ընտանիքում։

1948 թվականին ընդունվել և 1958 թվականին գերազանց առաջադիմությամբ՝ արծաթե մեդալով ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցը։

1959-1960 ուսումնական տարում ընդունվել և 1964 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկայի և գծագրության ուսուցչի որակավորում։

1964 թվականին՝ բուհն ավարտելուն պես նշանակվել է աշխատանքի Սարուխանի միջնակարգ դպրոցում՝ որպես  մաթեմատիկայի ուսուցիչ։   Աշխատել է մինչև 1972 թվականը։ Այդ ընթացքում եղել է ֆիզիկամաթեմատիկական դասընթացների առարկայական մեթոդմիավորման նախագահ, տարածաշրջանում մաթեմատիկայի առաջավոր փորձի դպրոցի ղեկավար, 1968-1972 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես գյուղի երեկոյան միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1973 թվականից նշանակվել է Կամոյի շրջանի Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն և ձևավորել ու երկար տարիներ հաջողությամբ ղեկավարել է համերաշխ ու արդյունավետ գործող մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվ։

Վաստակաշատ մանկավարժի տնօրինության ընթացքում՝ 1973-2007 թվականներին, բարելավվել են դպրոցի շենքային և ուսումնանյութական պայմանները, կառուցվել է նոր կաթսայատուն, բարելավվել է մանկավարժական կադրերի որակական կազմը, սովորողների ուսման առաջադիմությունը և որակը, իսկ 2006 թվականին կապիտալ վերանորոգվել է դպրոցի  ամբողջ շենքը։ Հայկ Օհանյանը սիրով և հայրական հոգատարությամբ կյանք է ճանապարհել աշակերտների և ուսանողների բազմաթիվ սերունդների, որոնց մշտապես ուղեկցել են սիրելի տնօրենի ու դասախոսի իմաստուն խորհուրդներն ու արժեքավոր պատվիրանները։

Սովորել և 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ ‹‹Մանկավարժություն›› մասնագիտությամբ։

1995 թվականից դասախոսել է Գավառի պետական համալսարանում։

Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ‹‹Աշխատանքային դաստիարակության հիմնահարցերը և հայ մանկավարժական ժառանգությունը›› թեմայով։ 2002 թվականին Հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2003 թվականին Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմամբ ստացել է  դոցենտի գիտական կոչում։

Հայկ Օհանյանը հայրենասեր քաղաքացի էր, ով իր երկրի ու համայնքի հանդեպ պատասխանատվության խորին զգացումով զբաղվել է նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ 1975-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ Կամոյի շրջանային խորհրդի պատգամավոր, 1991-1995 թվականներին՝ Սարուխանի գյուղխորհրդի պատգամավոր, իսկ 1996 թվականից մինչև 2000 թվականը ընտրվել է Սարուխան համայնքի ավագանի։ Հեղինակ է ավելի քան ութսուն գիտական զեկուցումների, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուղեցույցների,  հոդվածների, գրախոսությունների, հրապարակումների, որոնք ունեն մասնագիտական-մանկավարժական, ինչպես նաև  հասարակական-քաղաքական ուղղվածություն։

Խորհրդային ամբողջատիրության պայմաններում Օհանյանի խելացի և սուր հրապարակախոսական հոդվածները լույս են տեսել հանրապետական մամուլում և հատուկ ուշադրության արժանացել։ Նրա բարձրաձայնած հիմնահարցերը խիստ արդիական են  նաև այսօր։ Այդ մասին են ակնհայտորեն վկայում Հայկ Օհանյանի հոդվածների վերնագրերը՝  ‹‹Այդպես մինչև ե՞րբ››  ‹‹Մտածել նորովի, աշխատել նորովի››, ‹‹Ինչու՞ չի շտկվում››, ‹‹Որպեսզի նորից չսխալվենք››, ‹‹Վշտացնող վրիպումներ››, ‹‹Անհրաժեշտ է վերանայել››, ‹‹Անհապաղ լուծում պահանջող հարցեր››, ‹‹Բարեփոխման պահանջներով››, ‹‹Մտորումներ խորհրդակցությունից հետո››, ‹‹Նորի ակնկալիքով և հավատով լինել վերակառուցման մարտիկ և ոչ թե․․․››,  ‹‹Ըստ ամենայնի գնահատել ուսուցչին››, ‹‹Դեղատոմսերը շատ են, իսկ դեղամիջոցնե՞րը․․․››, ‹‹Փակ աչքեր նորի առջև․․․››, ‹‹Ինչպե՞ս չտարակուսել․․․››, ‹‹Ի՞նչ է այն բուհական մանկավարժության հարցեր››,  ‹‹Հոգատարություն երիտասարդ մասնագետների նկատմամբ››, ‹‹Աշակերտի անհատականությունը››, ‹‹Մասնագիտական կողմնորոշման մի քանի հարցեր››, ‹‹Անհատական մոտեցումը ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց››, ‹‹Երեխայի համար ուսուցչի կենդանի խոսքն անփոխարինելի է››, ‹‹Օգնություն գիտաշխատողին››, ‹‹Մանկավարժության նոր ձեռնարկ››,  ‹‹Առաջարկություններ, նկատառումներ›› և այլ  խորագրերով։

Իր երկարամյա և բեղուն աշխատանքային գործունեության ընթացքում Հայկ Օհանյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, 2014 թվականին ՀՀ Նախագահի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչման։

2006 թվականին ճանաչվել է որպես Գեղարքունիքի մարզի «Տարվա լավագույն տնօրեն»՝ պարգևատրվելով ՀՀ կրթության, գիտության նախարարության շնորհակալագրով և «Ոսկե աստղ» հուշամեդալով:

Պարգևատրվել է Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 40-ամյակին հայտարարված հանրապետական մրցույթում հաղթող ճանաչվելու, Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակի առթիվ կազմակերպված համամիութենական սոցիալիստական մրցության մեջ բարձր արդյունքներ արձանագրելու համար։ Արժանիորեն խրախուսվել է այլ նվաճումների և ձեռքբերումներիհամար։

Նա հոգատար ամուսին էր, բացառիկ հայր, ով ուրախանում էր իր երկու որդիների՝ Նարեկի և Գևորգի ու բյուր շրջանավարտների հաջողություններով։

Խորին խոնարհում Հայկ Հեքիմի Օհանյանի հիշատակին։

  ‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի››:

                                 

   Գավառի պետական համալսարանի ռեկտորատ

Հրապարակվել է 21.07.2022