ՏԵՂԻ  ՈՒՆԵՑԱՎ  ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ   ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Կայացավ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կառավարման և ֆինանսների  ամբիոնի  Ը.00.03-«Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ասպիրանտուրայի գիտակրթական ծրագրի չորրորդ կուրսի ասպիրանտների ամփոփիչ ատեստավորման առցանց գործընթացը: Ներկայացվեցին հաշվետվություններ տարեկան աշխատանքային պլանի հետազոտական և կրթական բաղադրիչներով նախատեսված  մոդուլների կատարման վերաբերյալ։

Ատեստավորման հանձնաժողովը՝ ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի նախագահությամբ, գործեց սահմանված կարգին համապատասխան։

ԳՊՀ ասպիրանտներ Կորյուն Գևորգյանը և Արեգ Սինանյանը ներկայացրին հաշվետվություն 2021-2022 ուսումնական տարում կատարած աշխատանքների, հրապարակած գիտական հոդվածների և հետազոտության ընթացիկ վիճակի, ինչպես նաև ուսումնառության չորս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին։ Ասպիրանտները հիմնավորեցին ատենախոսության մեջ տեղ գտած նորույթները՝ միաժամանակ նշելով, որ առաջիկայում պատրաստվում են հրապարակել համատեղ գիտական հոդված զբոսաշրջության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրների վերաբերյալ։

Հաշվետվությունների ներկայացումից հետո ատեստավորման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին ասպիրանտներին և ստացան սպառիչ պատասխաններ։

Կատարված աշխատանքների մասին համապատասխան հաշվետվություն ներկայացրեց նաև ասպիրանտների գիտական ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սուքիասյանը: Վերջինս նշեց, որ ասպիրանտները բարեխղճորեն են կատարում ատենախոսության պատրաստման աշխատանքները:

Ատեստավորման հանձնաժողովի բոլոր անդամները բաց քվեարկությամբ կողմ քվեարկեցին ասպիրանտների ատեստավորմանը:

ԳՊՀ պրոռեկտոր, հանձնաժողովի նախագահ Նելլի Կուտուզյանը և հանձնաժողովի անդամները՝  տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, փոխդեկան Մարիամ Հերգնյանը, Հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը շնորհավորեցին ասպիրանտներին՝ գիտահետազոտական և կրթական գործունեության ոլորտում արձանագրած ձեռքբերումների համար և կատարեցին օգտակար դիտարկումներ ու առաջարկություններ։ Ասպիրանտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներն ամփոփեց Նելլի Կուտուզյանը։

Հրապարակվել է 18.07.2022