ՏԵՂԻ   ՈՒՆԵՑԱՎ  ԳՊՀ  ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՀԻՄՆԱԴԻՐ  ՌԵԿՏՈՐ, ՀՀ  ՎԱՍՏԱԿԱՎՈՐ  ՄԱՆԿԱՎԱՐԺ  ՀՐԱՆՏ  ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ

  Այսօր կայացավ Գավառի պետական համալսարանի 25-րդ գիտաժողովը՝ նվիրված համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի  Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Տիկին Հակոբյանը նշեց, որ հոբելյանական գիտաժողովը  հարգանքի տուրք է բուհի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի հիշատակին, ում ողջ գիտակցական կյանքն ու գործունեությունը իր հայրենակիցներին սիրով և ազնվորեն ծառայելու, կրթության և գիտության  գործին անմնացորդ նվիրվելու բացառիկ օրինակ է։ Հրանտ Հակոբյանը  հայրենի եզերքի և մայր ժողովրդի հավատավոր զավակն է, ով որպես իր ծննդավայրի ու ժողովրդի հանդեպ որդիական սիրո խոստովանություն և երախտագիտության սքանչելի արտահայտություն՝ կատարեց  անգնահատելի գործ․ իր դստեր՝ այն ժամանակ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի հետ միասին համալսարան հիմնեց։

Ռուզաննա Հակոբյանը շեշտեց, որ ԳՊՀ 25-րդ գիտաժողովին մասնակցության բազմաթիվ հայտեր են ներկայացվել։ Դրանք քննարկվել են, զեկուցումները գրախոսվել,  և արդյունքում՝ խմբագրական խորհրդի կողմից գիտաժողովի ծրագրում ներառվել են 205  հեղինակների և համահեղինակների 145  զեկուցումներ՝ բնական և հասարակական գիտությունների տարբեր ուղղություններով։ Մասնակիցները ներկայացնում են շուրջ 50 կազմակերպություն՝ Հայաստանի և Արցախի բուհերը, ՀՀ գիտությունների ազգային  ակադեմիայի տասից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ, դպրոցներ, այլ հաստատություններ։ Ողջունելի է, որ արձանագրվել է հեղինակների եռասերունդ մասնակցություն։ Գիտաժողովին զեկուցումներ են ներկայացրել և՛ վաստակաշատ գիտնականներ՝ 30-ից ավելի գիտության դոկտորներ, 80-ից ավելի գիտության թեկնածուներ, և՛ երիտասարդ հետազոտողներ՝ ասպիրանտներ, հայցորդներ, ովքեր իրեն ղեկավարների աջակցությամբ առաջին քայլերն են կատարում գիտության բարդ ու հետաքրքիր աշխարհում։

Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի բոլոր մասնակիցներին՝ գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու, կրթությունն ու գիտությունը շաղկապելու,  երիտասարդներին գիտելիք և բարձր արժեքներ փոխանցելու կարևոր առաքելությունն իրականացնելու համար։

Գիտաժողովի լիագումար նիստին  Հրանտ Հակոբյանի կյանքին և գործունեությանը նվիրված՝ ‹‹Բերկրանք՝ տառապանքի ճանապարհով›› խորագրով զեկուցում կարդաց ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը։

Այնուհետ գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց բնագիտական և հասարակագիտական տաս մասնագիտական բաժանմունքներում։

 

 

 

 

 

Հրապարակվել է 02.07.2022