ՏԵՂԻ  ՈՒՆԵՑԱՎ  ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Սույն թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Ջանքերի միավորում հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը:

Համաժողովն անցկացվեց Երևանում, ‹‹EU4SEVAN›› ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ծրագրի գործողությունների և արդյունքների մասին զեկուցեց ‹‹EU4SEVAN›› ծրագրի  ղեկավար Քրիսթիան Հենշելը։

Գավառի պետական համալսարանից համաժողովին մասնակցեց բնագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Մարինե Հովհաննիսյանը։

Ծրագիրը նպատակ ունի տարաբնույթ և համալիր միջոցառումների արդյունքում նպաստել լճի խախտված էկոհամակարգի վերականգնմանը։ Սևանա լճի աղտոտման ծավալները նվազեցնելու նպատակով նախատեսված է տարաբնույթ աշխատանքների և միջոցառումների իրականացում։

Համաժողովի առաջին մասում ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և այլ կազմակերպությունների կողմից կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները, տվյալների վերլուծությունները, անդրադարձ եղավ Սևանա լճում էկոլոգիական հավասարակշռության խախտման արդյունքում վերջին տարիներին արձանագրված շեղումներին։

Երկրորդ մասում ներկայացվեցին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, «Սևան» ազգային պարկի և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների զեկուցումները, քննարկվեցին Սևանա լճի և ջրհավաք ավազանի կառավարման հիմնահարցերը։

Կարևորվեցին ազգաբնակչության կողմից բնության պահպանության, օրգանական գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, էկոլոգիական բնույթի կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։

Համաժողովն ավարտվեց պանելային քննարկմամբ, ակտիվ հարց ու պատասխանով։

 

 

Հրապարակվել է 02.07.2022