ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈւՄ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ` ս․ թ․ օգոստոսի 27–ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսի ուսանողների և նրանց ծնողների հետ: ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին, ուսանողներին մաղթեց արդյունավետ ուսումնառություն և բարձր առաջադիմություն, կոչ արեց լինել աշխատասեր, պատասխանատու և նպատակասլաց։ Տիկին Հակոբյանը ներկայացրեց կրեդիտային համակարգում ուսումնառության սկզբունքները, սովորողներին առաջադրվող պահանջները, բուհում առկա կրթական հնարավորությունները, փոխատեղման իրականացման կարգը, ԳՊՀ  միջազգային համագործակցության և սոցիալական աջակցության ծրագրերը։

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների, տնտեսագիտական, բնագիտական և բանասիրական ֆակուլտետների դեկաններ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Մարտին Ավագյանը և Թաթուլ Ասոյանը շնորհավորեցին առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին՝ ներկայացնելով մասնագիտական կրթական ծրագրերի առանձնահատկությունները, ուսանողների ակադեմիական շարժունության հնարավորությունները, անդրադարձան օտար լեզուներին և նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու անհրաժեշտության և այլ հարցերի։

ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Արթուր Միրիբյանը ներկայացրեց Գավառի պետական համալսարանի էլեկտրոնային ուսուցման «Learn․gsu.am» համակարգից օգտվելու կանոնները, ինչպես նաև ԳՊՀ պաշտոնական կայքէջի /www.gsu.am/ քարտեզը: Առաջին կուրսի ուսանողներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ։

Հանդիպման ավարտին Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Վահագն Սեյրանյանի կինը՝ Լուսինե Պետրոսյանը, ում  երկրորդ դուստրն է ընդունվել Գավառի պետական համալսարան,  իր երախտիքի և գնահատանքի խոսքն ասաց՝ ուղղված ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմին։  Տիկին Լուսինեն նշեց, որ ‹‹Արցախից տեղափոխվելով Գեղարքունիք, չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ հարստություն կա այս մարզում։ Ինձ համար այդ հարստությունը Գավառի պետական համալսարանն է, որտեղ ընդունվեց իմ ավագ դուստրը՝ Արմինեն և անմիջապես հայտնվեց համալսարանական ջերմ ընտանիքում։  Արմինեն ամռանը այլ ուսանողների հետ միասին համալսարանի կողմից գործուղվեց Գրոզնի և ակտիվորեն մասնակցեց ‹‹Ամառային համալսարան›› ծրագրին, իսկ շուտով կմեկնի Իսպանիա՝ սովորելու համալսարանի գործընկեր բուհում։ Հուսամ, որ համալսարանում հաջողություն կունենա նաև կրտսեր դուստրս՝ Լիլիթը։

Հարգելի՛ ծնողներ, շնորհավորում եմ ձեզ, որ ձեր երեխաներն ընդունվել են նման կրթօջախ։ Խաղաղություն եմ մաղթում հայոց աշխարհին››։

 

Հրապարակվել է 27.08.2022