ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Տարիներ շարունակ Գավառի պետական համալսարանի ուսանողներին նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանը, ում մարդասիրական առաքելությունը այժմ շարունակում է նրա որդին՝ Թագվոր Նիշանյանը։

Ս. թ. սեպտեմբերի 14-ին Գավառի պետական համալսարան այցելեցին Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ծրագրերի համակարգող Մանե Խաչատրյանը՝ Ժիրայր Նիշանյանի անվան կրթաշնորհառուների հետ հանդիպելու նպատակով։

Նախքան հանդիպման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Հանդիպմանը ներկա էր Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով խորին երախտագիտություն հայտնեց երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանին,  նրա գործի արժանի շարունակողներ՝  տիկին Անահիտ Նիշանյանին և Թագվոր Նիշանյանին՝ ուսանողներին մշտապես աջակցելու համար։

Տիկին Հակոբյանը ԳՊՀ ուսանողներին կոչ արեց լավ սովորել, ձեռք բերել կայուն գիտելիքներ՝ հավատարիմ մնալով նիշանյանական պատգամներին։

Պարոն Կարապետյանը ամփոփեց ուսանողների նախորդ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքները և սիրով ներկայացրեց բարերար Ժիրայր Նիշանյանի կենսագրությունը։

Նիշանյանական կրթաշնորհառուները պարտավորվեցին դրսևորել բարձր առաջադիմություն, մասնակցել կամավորական տարբեր ծրագրերի։

Կից ներկայացնում ենք պարոն Նիշանյանի կենսագրությունը․

Ժիրայր Նիշանյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, 1936 թ. նոյեմբերի  29-ին: Ավարտել է Թեհրանի Ալբորզի ավագ դպրոցը: Չկարողանալով շարունակել ուսումը` նա երկու տարի շարունակ առավոտյան աշխատել է Աբովյանի տարրական դպրոցում և դասավանդել մաթեմատիկա վեցերորդ դասարանցիներին, իսկ կեսօրից հետո աշխատել որպես հայ վաճառականի գրասենյակային օգնական շուկայում, և խնայել 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Ժիրայր Նիշանյանի մանկության նվիրական երազանքն էր դառնալ քաղաքացիական ճարտարագետ և այն իրագործելու նպատակով նա որոշում է իր կրթությունը շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թեհրանի ամերիկյան գրադարանում ձեռք բերած գիտելիքներով նա ընդունելության համար դիմում է Միացյալ Նահանգների մի քանի համալսարաններ և ընդունվում Վաշինգտոնի Ամերիկյան համալսարան` անգլերեն լեզուն արտասահմանցի ուսանողների համար հատուկ ծրագրով, ինչպես նաև  Վաշինգտոնում Ջորջ Վաշինգտոնի և Լինկոլնում Նեբրասկայի համալսարաններ՝ ինժեների մասնագիտությամբ: Թեև Ժիրայր Նիշանյանի ավագ եղբայրը` Կարո Նիշանյանը, ցանկանում էր, որ նա գնա Եվրոպա և ստանա բժշկի մասնագիտություն, սակայն եղբոր` բուհ ընդունվելու մասին նամակները ստանալուց հետո, նա ինքնաթիռի տոմս է գնում եղբոր համար և 1958 թ.-ի նոյեմբերի 8-ին Ժիրայր Նիշանյանը Թեհրանից մեկնում է Վաշինգտոն:

Ժամանելուն պես Ժիրայր Նիշանյանն անմիջապես գրանցվում է Ամերիկյան համալսարանում օտարերկրացի ուսանողների համար նախատեսված վեցշաբաթյա անգլերեն լեզվի դասընթացներին, սակայն այն ավարտելուց հետո Վաշինգտոն նահանգի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարձաչափի թանկ լինելու պատճառով  որոշում է տեղափոխվել Լինկոլն և գրանցվում Նեբրասկայի ճարտարագիտական համալսարանում: Քանի որ Ժիրայր Նիշանյանի 500 դոլարը շատ արագ է սպառվում, ուստի նրա համար կարևոր էր կես դրույքով աշխատանք փնտրելը, որպեսզի կարողանա հոգալ իր ծախսերը: Ցավոք, 1958 թ.-ին Լինկոլնը մի փոքրիկ համալսարանական քաղաք էր` շրջապատված մեծ ագարակներով, և օտարերկրյա ուսանողին աշխատանքային մեծ հնարավորություններ չէր առաջարկում: Այդուհանդերձ,  մեկ կիսամյակ սովորելուց հետո նա որոշում է վերադառնալ Վաշինգտոն, որտեղ կարող էր աշխատել և շարունակել ուսումը: Այսպիսով, Ժիրայր Նիշանյանը իր վաստակած կրեդիտներով ընդունվում է Հովարդի համալսարանի ճարտարագիտության բաժին, որտեղ կառավարության աջակցությամբ համալսարանում գործում էր ուսման ցածր վարձաչափ: Ուսմանը զուգահեռ նա կես դրույքով աշխատում է որպես մատուցողի օգնական` իր բնակավայրին մոտ գտնվող մի ռեստորանում:

1965թ.-ի հունվարի 22-ին Ժիրայր Նիշանյանին շնորհվում է քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան: Նա առաջընթաց է ունենում իր աշխատանքում և նշանակվում գլխավոր մատուցող Վաշինգտոնում գտնվող «Ինթերնեշնլ» պանդոկ հյուրանոցում:

Քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան ստանալուց հետո Ժիրայր Նիշանյանը որոշ ժամանակահատված աշխատում է ավտոմայրուղու շինարարության, օդային և տիեզերական արդյունաբերության ոլորտներում, ստանում ինժեների պաշտոն և աշխատանքի անցնում որպես ԱՄՆ կառավարության տրանսպորտի դեպարտամենտի ճանապարհների և կամուրջների նախագծման, ապա կառուցման հետազոտությունների ինժեներ: Ճանապարհների կառուցման հետազոտությունների ինժեներ աշխատելուն զուգահեռ շարունակում է իր ուսումը և 1969թ.-ի հունիսին  ստանում քաղաքացիական ճարտարագետի մագիստրոսի աստիճան, այնուհետ ասպիրանտուրայում հետազոտություն անցկացնում մետաղների դյուրաբեկության և կարծրության  հատկությունների թեմայով և դառնում Դաշնային ավտոմայրուղու կառավարման հետազոտական ​​գործունեության ծրագրի ղեկավար` կամրջաշինության ոլորտում պողպատի դյուրաբեկության և կարծրության  հատկությունների գծով: Ձեռնարկելով այդ բոլոր պահանջարկ ունեցող աշխատանքները և միևնույն ժամանակ ավելի մեծ հնարավորությունների ձգտելով` նա շարունակում է իր առաջընթացը:

Հետաքրքրված լինելով անշարժ գույքի զարգացմամբ և Դաշնային կառավարության համար աշխատելով լրիվ դրույքաչափով` Ժիրայր Նիշանյանը երեկոյան ժամերին և հանգստյան օրերին նույնպես արտաժամյա ներգրավվում է մասնավոր հատվածի առևտրային և բնակելի շրջանների նախագծման և կառուցապատման գործընթացներում:

Նախքան համալսարանն ավարտելը, 1969 թ.-ի նոյեմբերին Ժիրայր Նիշանյանը հինգ հազար դոլար է ստանում  իր մայրիկից` Մարիամ Նիշանյանից և իր մտերիմ ընկեր` Արա Պեզեշկյանի հետ համատեղ հիմնում «JAM» ձեռնարկությունը, ինչպես նաև Մերիլենդում, որը գտնվում է Քենսինգթոնում,  ներդրում կատարում անշարժ գույքի՝ մի քանի հին բնակարանի ձեռքբերման նպատակով, որը ենթադրվում էր՝ հետագայում առևտրային զարգացման ներուժ կունենա: «JAM» ձեռնարկության հիմնումը նրա առաջին ռիսկային քայլն էր, որը հաջողությամբ է պսակվում և շարունակվում մինչ օրս: Հետագայում «JAM»-ին զուգահեռ նա հիմնում է «NGN», «JERAX» և «JADES» ընկերությունները:          Ժիրայր Նիշանյանը, որպես իր ձեռնարկությունների գլխավոր գործադիր տնօրեն, մշակել և կառուցել է առևտրի կենտրոններ, գրասենյակային շենքեր, առևտրային և բնակելի կառույցներ։        Ժիրայր Նիշանյանը “Jer-Tag” ձեռնարկությունների, “Cycle Homes” ինկորպորացիայի և “Virginia” կորպորացիաների նախագահն ու հիմնադիրն էր:

Ժիրայր Նիշանյանը, լինելով կենսաթոշակային տարիքի, ակտիվորեն ներգրավված չէր իր ընկերությունների և կորպորացիաների ամենօրյա ղեկավարման գործընթացում, սակայն իր որդին` Թագվոր Գ. Նիշանյանը որպես իր գործընկեր, կատարում է վարչական պարտականությունները, իսկ դուստրը` Ալինե Նիշանյան-Թեմփլինը գույքի կառավարման ոլորտի պատասխանատուն է։

Ժիրայր Նիշանյանի հայրը` Աբրահամ  Նիշանյանը, ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում, իսկ մայրը` Մարիամ Նիշանյանը, Ապին Ակուլիսում: Նրանք իրենց ընտանիքի անդամներից միակն էին, որ ողջ են մնացել Հայոց ցեղասպանության տարիներին: Ժիրայր Նիշանյանի հայրը ձեռնարկատեր էր և զբաղվում էր պարսկական գորգերի` ԱՄՆ արտահանման բիզնեսով: Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ և իր ժողովրդի ավանդույթներով: Երբ Ժիրայր Նիշանյանի հայրը մահացավ, նա  ընդամենը երկու տարեկան էր: Ժիրայր Նիշանյանը, լինելով հինգ երեխաներից ամենափոքրը, մայրական խանմքի տակ է մեծացել: Նրա մայրը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ է եղել՝  հրազենային վնասվածք ստանալով ծնկի հատվածում։ Հրաշքով ողջ մնալով՝ տակավին մանուկ Մարիամը  հայտնվել է ամերիկացիների կողմից հիմնված Իրանի Համադան քաղաքի որբանոցում: Մարիամ Նիշանյանը շատ բարեպաշտ, իմաստուն և խելամիտ կին էր, ով իր հինգ երեխաներին  միայնակ է մեծացրել:

Ժիրայր Նիշանյանի վրա մեծ տպավորություն է թողել իր ծնողների անցյալը և նրա մոտ խորը զգացմունքներ են առաջացել Հայաստանի` իր նախնիների հայրենիքի նկատմամբ: Նա մշտապես պարտքի զգացում և մեծ ցանկություն է ունեցել` օգնություն տրամադրելու մանկատներում գտնվող երեխաներին և օգտակար լինելու անապահով հայ երիտասարդներին, մասնավորապես,  տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ներուժը:

Իր տեսլականը իրականություն դարձնելու նպատակով` նա 1993 թ.-ի նոյեմբերի 30-ին հիմնում է «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամը՝ “Jerair Nishanian Foundation” բարեգործական կազմակերպությունը: Հիմնադրամը ստեղծվել է բացառապես կրոնական, բարեգործական, կրթական, գիտական, հասարակական, գրական և կրթական ծրագրեր իրականացնելու նպատակներով։     Հիմնադրումից ի վեր (1993թ.)` հիմնադրամը  կրթաթոշակներ է տրամադրում Գավառի պետական ​​համալսարանի ուսանողներին։ 2011 թ.-ից սկսած հիմնադրամը  ընդլայնել է իր կրթաթոշակային ծրագիրը՝ ընդգրկելով նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագիտության և ճարտարապետության բաժնի, հետագայում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին։

Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով պարոն Ժիրայր Նիշանյանը 2013 թ․-ի մայիսին 1,000,000.00 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Հիմնադրամին։

Հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը Հայաստանում իրականացվում է Նյու Յորքում 1988թ․-ին հիմնված Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Հայաստանի գրասենյակի կողմից: Հիմնադրամը ներկայումս Հայաստանում կրթաթոշակներ է տրամադրում ավելի քան 70 ուսանողների։

Բացի այդ, հիմնադրամը մի շարք հայրենանվեր ծրագրեր է իրականացրել Հայաստանում և ԱՄՆ հայ համայնքներում։

2011 թվականին, երբ պարոն Ժիրայր Նիշանյանը, նրա կինը՝ տիկին Անահիտ Նիշանյանը և խորհրդի անդամները այցելեցին Գավառի պետական համալսարան, անմոռանալի ու տպավորիչ հանդիպում ունեցան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Ուսանողների խնդրանքը լսելուց հետո նա տեղում որոշում կայացրեց և լուծում տրվեց համալսարանի համար կարևոր հարցի՝ ԳՊՀ հանրակացարանի մասնաշենքի վերանորոգման խնդրին։

Հիմնադրամը 2015 թ.-ի մայիսին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների վեց խոշոր նվիրատուներից մեկն է եղել:

Հիմնադրամը նաև ֆինանսավորել է մի քանի առանձնահատուկ նախագծեր, որոնցից են Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլխավոր խորանի նախագծումը ու կառուցումը, Գավառի պետական ​​համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքի բարենորոգումը։

Հիմնադրամը հովանավորել և ֆինանսավորել է հետևյալ գրքերի թարգմանությունն ու հրատարակումը.

ա) Դոկտոր Թաներ Աքչամի` «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից հայերեն,

բ) Դոկտոր Թաներ Աքչամի հեղինակային գրքի թարգմանությունը արևելահայերեն:

գ) Անուշ Նաղգաշյանի «Ես հայ եմ» մանկական գրքի տպագրությունը,

դ) «Հայերի պատմությունը Օսմանյան կայսրությունում» պատմության դասագրքի հրատարակումը, որի համահեղինակ են հանդիսանում մի շարք հայ գիտնականներ։ Այն նախատեսված է Հայաստանի բուհերի ուսանողների համար,

ե) «Երազներ և հրաշքներ» գրքի տպագրությունը և դրա բաժանումը Հայաստանի զինծառայողներին,

զ) «Գրականության ժամանակակից պատմություն» երկրորդ դասագրքի հրատարակումը, որն ամփոփում է թուրքական գրականությունը` ներառելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր,

է) Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից անգլերեն, ինչպես նաև թուրքերենից հայերեն:

Բարձր գնահատելով Ժիրայր Նիշանյանի հայրենանվեր գործունեությունը և իրականացրած բարեգործական ձեռնարկները՝ ՀՀ կառավարությունը և հայ եկեղեցին նրան պարգևատրել է մի շարք պարգևներով։ Ժիրայր Նիշանյանը Հայաստանի նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և տարբեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել է մի շարք մեդալներով, երախտագիտության և գնահատանքի հավաստագրերով, որոնք են`

  1. «Երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից,
  2. «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից,
  3. «Գնահատանքի և երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից,
  4. «Ոսկե հուշամեդալ» Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից,
  5. Գավառի պետական համալսարանի պատվավոր բարերարի կոչում,
  6. Գավառի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,
  7. «Ներսիսյան ճեմարան» գնահատանքի մեդալ:

Հարգանքի տուրք մատուցելով նրան, որպես ներգաղթյալի, որը մեծ աջակցություն է ցուցաբերել Ամերիկային, ներգաղթյալներին և նրանց երեխաներին, ԱՄՆ կառավարությունը Ժիրայր Նիշանյանին  շնորհել է «Էլիս այլընդ» պատվո մեդալը։

ԳՊՀ պատվավոր բարերար Ժիրայր Նիշանյանի գործն անմահ է։

 

 

 

Հրապարակվել է 20.09.2022