ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ

Գավառ համայնքի ավագանու միաձայն որոշմամբ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Գրիգորի Ամիրխանյանին շնորհվեց Գավառի պատվավոր քաղաքացու կոչում։

Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սամվել Ամիրխանյանը սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Եղել է Գավառի պետական համալսարանի հայցորդպաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բյուջետային գործընթացի կատարելագործման ուղղությունները համայնքներում (ՀՀ Գեղարքունիքի մարզի օրինակով թեմայով և արժանացել տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի, ապա դոցենտի կոչման։ Հեղինակ է 31 գիտական հոդվածների:

2002 թվականից մինչ այժմ Գավառի համայնքի ավագանու անդամ է։

Մեծ է պարոն Ամիրխանյանի ավանդը Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կայացման ու զարգացման, համալսարանի ուսանողների կրթության և դաստիարակության, համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գործում։      

Նա համայնքի և, միաժամանակ, համալսարանական ընտանիքի նվիրյալ անդամ է, սիրված դասախոս և վստահելի գործընկեր, սիրող ամուսին, հոգատար հայր և պապիկ։

Ջերմորեն շնորհավորում ենք պարոն Ամիրխանյանին՝ մաղթելով քաջառողջություն, հետագա արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ համայնքի և համալսարանի։

ԳՊՀ ռեկտորատ

Հրապարակվել է 11.09.2022