ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ՏՈՆԸ

Այսօր Գավառի պետական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց սեպտեմբերմեկյան տոնը՝ Գիտելիքի և դպրության, լույսի և բանականության օրը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց առաջին կուրսեցիների համալսարանամուտը, շնորհավորեց բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր ուսանողներին ու դասախոսներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ կոչ անելով անդադար  սովորել, կուտակել գիտելիքներ, որովհետև  շարունակական ձեռքբերումներն ու  հաջողություններն այնտեղ են, որտեղ կա մտքի ուժ և իմաստնություն։ Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ կրթության ու գիտության գործի նվիրյալներին, հաջողություններ մաղթելով երիտասարդների կրթության գործում։

Հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթին՝ տիկին Հակոբյանը Գավառի պետական համալսարանի ռեկտորատի անունից ամենաբարձր միավորներ վաստակած և անվճար հիմունքներով բուհ ընդունված առաջին կուրսեցիներին նվիրեց «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակը բուհի հիմնադիր-ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է։  

Գավառի պետական համալսարանը երեք տասնամյակ շարունակ սիրով իր դռներն է բացում ուսանողների և դասախոսների առջև՝ արժևորելով գիտելիքը, գիրն ու դպրությունը: Երիտասարդների բարձրագույն  կրթությունն ապահովող  հաստատության  վեհ նպատակը իր ուսանողների՝ որպես ուսյալ մարդկանց, խորը գիտելիքներով զինված ու կայացած անհատների, ակտիվ և հայրենասեր քաղաքացիների դաստիարակումն է։

Միջոցառման հաղորդավարներ՝ տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսեր» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը և բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Պողոսյանը նշեցին, որ Գավառի պետական համալսարանի ուսանողը, ոտք դնելով համալսարան, դաշինք է կնքում մայր բուհի հետ, որը հաստատում է  երդմամբ։

ԳՊՀ ուսանողի երդումն ընթերցեց տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Անի Վարդանյանը։

Ինչպես նախորդ տարիներին, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին նույնպես գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին առաջին կուրսեցիներին փոխանցեցին ավարտական կուրսում սովորողները՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի  բարձր առաջադիմությամբ ուսանողներ  Աննա Եգանյանն ու Գալուստ Գասպարյանը։ «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Թագուհի Թադևոսայնն ու «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Նոնա Հովեյանը ավագ ընկերներից ընդունեցին բանալին՝ հավատարիմ մնալով բարձր պահել Գավառի պետական համալսարան կոչվող մեծ ընտանիքի պատիվը։

Միջոցառումն իրենց գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով զարդարեցին Աստղիկ Ներսիսյանն ու «Արևի աշխարհ» կենտրոնի փոքրիկները։

Համալսարանի ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Թերմինե Խաչիկյանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Արթուր Միրիբյանը առաջին կուրսեցիներին ներկայացրին կրեդիտային սկզբունքով ուսումնառության առանձնահատկությունները և բուհի էլեկտրոնային ուսուցման համակարգը։ Այնուհետ բարձր կուրսերի ուսանողները առաջին կուրսեցիներին ներկայացրին համապատասխան ֆակուլտետներում իրենց ուսանողնական կյանքն ու հաջողության պատմությունները։

Բոլոր համալսարանականներին հաջողություններ ենք մաղթում նոր՝ 2022-2023 ուսումնական տարում։

       

Հրապարակվել է 01.09.2022