ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն ակտիվորեն մասնակցում եմ միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին։

Ս․ թ․ հոկտեմբերի 28-ին ներկայացվեցին ԳՊՀ իրականացրած՝ Եվրոպական միության «ERASMUS+» շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ուսանողների շնորհանդես-հաշվետվությունները։

Հետաքրքիր և բովանդակալից հաշվետվություններ ներկայացրին՝

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն»  բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Սոնա Հովեյանն ու Ալլա Վարդանյանը, ովքեր 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակում սովորել են Իսպանիայի Թագավորության Մուրսիայի կաթոլիկ համալսարանում,

տնտեսագիտական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աշոտ Մովսիսյանը, ով 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակում սովորել է Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում,

հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողնուհի Մերի Սարգսյանը, ով 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակում սովորել է Իսպանիայի Թագավորության Վալլիադոլիդի համալսարանում:

Ուսանողները անգլերեն և հայրերեն լեզուներով ներկայացրին իրենց ուսումնառության ընթացքն ու արդյունքները, այն դասընթացները, որոնք ուսումնասիրել էին, համեմատականներ անցկացրին ԳՊՀ-ում և եվրոպական բուհերում գործող դասավանդման մեթոդների, ուսանողների գիտելիքների ստուգման ու գնահատման ձևերի միջև։

Ուսանողները կիսվեցին տարբեր երկրներ շրջագայություններից ստացած տպավորություններով, ցուցադրեցին կարճ տեսանյութեր՝ իրենց դասընթացների վերաբերյալ։

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Ալլա Վարդանյանը ցուցադրեց  տեսահոլովակ, որտեղ Իսպանիայի Թագավորության Մուրսիայի կաթոլիկ համալսարանի «Բանավոր հաղորդակցության տեխնիկա» /Oral Communication Techniques/ առարկայի դասախոս Պաբլո Կամպոս Ցիվիկոն իր շնորհակալական խոսքն է ուղղում ԳՊՀ-ին՝  նշելով որ հենց ԳՊՀ ուսանողներ Ալլա Վարդանյանն ու Սոնա Հովեյանն են ցուցաբերել բարձր առաջադիմություն և ակտիվություն, մեծ սիրով և պատվով են ներկայացրել իրենց հայրենիքն ու համալսարանը։

Դասախոսն իր ասելիքը եզրափակեց խոստումով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելի Հայաստան՝ տեսնելու այն երկիրը, որը սրբավայր է և որտեղ այդպիսի օրինակելի երիտասարդներ են ապրում։

Ուսանողները, երախտիքի խոսք ուղղելով Գավառի պետական համալսարանին ակտիվ միջազգային համագործակցության և ուսանողական շարժունության կազմակերպման համար, խորհուրդ տվեցին մյուս ուսանողներին ևս մասնակցել ԳՊՀ եվրոպական ծրագրերին, քանի որ արտերկրում ուսումնառությունը ոչ միայն ապահովում է մասնագիտական գիտելիքների հարստացում և կարողությունների զարգացում, այլև նպաստում է աշխարհաճանաչողության ընդլայնմանը, լեզվական հմտությունների կատարելագործմանը, նոր ընկերներ ձեռք բերելուն և անձնային աճ ապահովելուն։

Եվրոպայում սովորած ԳՊՀ ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին  բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, տարբեր կուրսերի ուսանողներ:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ուսանողներին կոչ արեց ապահովել բարձր առաջադիմություն, բարելավել օտար լեզուների իմացությունը և օգտվել եվրոպական բուհերում սովորելու հնարավորությունից:

Հավելենք, որ ընթացիկ ուսումնական տարում Գավառի պետական համալսարանի յոթ ուսանողներ արդեն իսկ սովորում են եվրոպական բուհերում։

 

 

 

 

 

Հրապարակվել է 30.10.2022