ԳՊՀ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

Գավառի պետական համալսարանը համագործակցում է եվրոպական մի շարք բուհերի հետ` ուսանողներին ընձեռելով արտասահմանյան գործընկեր համալսարաններում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, լեզվական-հաղորդակցական հմտությունները զարգացնելու, ճամփորդելու և աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություններ:

Գավառի պետական համալսարանի և Շվեդիայի Կառլ Ֆոն Լիննեյի անվան համալսարանի համատեղ իրականացրած «Linnaeus-Palme» ծրագրի շրջանակում ԳՊՀ ուսանողները սովորում են Շվեդիայում։

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Մարատ Սարգսյանը այժմ կրթություն է ստանում Շվեդիայի Թագավորության Լիննեյի համալսարանի նույն բաժնում։

2015 թվականին Մարատը ավարտել է Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը և ընդունվել Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» բաժինը։

2018 թվականին ավարտել է քոլեջը և ընդունվել Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժինը։

Մարատը դպրոցին զուգահեռ հաճախել է Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի և շվիի բաժինները, Գեղարվեստի դպրոցի գեղանկարչության բաժինը, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռադիոտեխնիկայի և Սպորտ դպրոցի ըմբշամարտի խմբակները։

ԳՊՀ-ում մեկ կիսամյակ ուսանելուց հետո շնորհալի երիտասարդը զորակոչվեց Հայոց բանակ և իրեն դրսևորեց որպես կարգապահ ու բանիմաց զինվոր։ Օրինակելի ծառայության համար պարգևատրվել է պատվոգրերով։ Ծառայության ավարտին հաշված ամիսներ էին մնացել, երբ հայտնվեց պատերազմի բոցերի մեջ։

Մարատը պատերազմին մասնակցած այն քաջարի ուսանողներից է, ով հայրենիքին նվիրումով ծառայելուց հետո շարունակում է ուսումը՝ որակյալ մասնագետ դառնալու և իր անմահացած հերոս ընկերների կիսատ թողած գործը շարունակելու երազանքով։

Համալսարանում ուսմանը զուգահեռ Մարատը մասնակցել է «Picsart» ընկերության կողմից կազմակերպված «Progress» ծրագրի «Cyber Security / QA Engineering» դասընթացներին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած «Cyber security» ծրագրին, «Global IT» ընկերության անցկացրած «Cyber Security» դասընթացին, ինչպես նաև «Quick Start» կազմակերպության կողմից իրականացված «IT Project management» նախագծին։

Գավառի պետական համալսարանի ուսանողն այժմ հաջողությամբ սովորում է Շվեդիայում՝ մրցունակ մասնագետ դառնալու և իր հայրենիքին ծառայելու հստակ նպատակադրումով։

Հրապարակվել է 06.10.2022