ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ   ԳՐՈԶՆԻՈՒՄ  ‹‹ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ››  ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

2022 թվականի ամառային արձակուրդի ընթացքում Գավառի պետական համալսարանի 20 ուսանողներ՝ ԳՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյան ղեկավարությամբ մասնակցեցին Գրոզնիի պետական  նավթային տեխնիկական համալսարանի կազմակերպած «Ամառային համալսարան-2022» ծրագրին։

Ուսանողները ներկայացրին հաշվետվություն Գրոզնիի համալսարանում իրենց ուսումնասիրած դասընթացների, ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մասին, անդրադարձան մշակութային ու մարզական միջոցառումներին և մրցույթներին, նշեցին հյուրընկալ համալսարանի ջերմ ընդունելության, նոր ընկերների հետ հետաքրքիր էքսկուրսիաների և արշավների,   ստացած անջնջելի տպավորությունների մասին։

‹‹Ամառային համալսարան››-ի մասնակիցները ձեռք են բերել սոցիալական ծրագրեր մշակելու և ներկայացնելու հմտություններ: Ուսանողները Գրոզնիում ներկայացրել են  հայկական ավանդույթներն ու ազգային խոհանոցը։

ԳՊՀ ուսանողական խմբի ղեկավար Արմեն Սահակյանը կարևորեց սովորողների ակտիվ մասնակցությունը ծրագրին՝ ընդգծելով նմանատիպ ծրագրերի շնորհիվ երիտասարդների աշխարհայացքն ընդլայնելու, լեզվական,  հաղորդակցական հմտությունները բարելավելու հնարավորությունը։

Ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին և պրոֆեսոր Արմեն Սահակյանին՝ Գավառի պետական համալսարանը Գրոզնիում պատշաճ ներկայացնելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Գրոզնիի պետական  նավթային տեխնիկական համալսարանին՝ ռեկտոր պարոն Մինցաևի գլխավորությամբ, ‹‹Ամառային համալսարան›› ծրագիրը լավագույնս իրականացնելու  համար։

Հրապարակվել է 15.10.2022