ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ս. թ. հոկտեմբերի 8-ին տարեկան գործունեության հաշվետվությամբ հանդես եկան Գավառի պետական համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարները՝ 2021-2022 ուսումնական տարում ուսխորհուրդը ղեկավարած Անահիտ Շահինյանը և ուսանողական գիտական ընկերության նախագահ Արփի Միրիբյանը։

ԳՊՀ ուսանողական խորհրդի 2022-2023 ուսումնական տարվա անելիքները ներկայացրեց ուսխորհրդի նորընտիր նախագահ Անահիտ Պողոսյանը։

Արփի Միրիբյանը բուհի ուսանողական գիտական ընկերության 2021-2022 ուսումնական տարվա գործունեության արդյունքները և 2022-2023 ուստարվա զարգացման ուղղությունները ներկայացրեց բովանդակալից շնորհանդեսի ձևով՝ կարևորելով ուսանողների հետազոտական աշխատանքի խթանումը, նրանց ստեղծագործական, վերլուծական մտածողության զարգացումը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալագիր հանձնեց Անահիտ Շահինյանին՝ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի պարտականությունները 2019-2022 թվականներին պատշաճ կատարելու, ուսանողական ինքնակառավարման մարմնի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։

ԳՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Լյովա Սիրունյանը ներկայացրեց ԳՊՀ արհմիության 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվությունն ու 2022-2023 ուստարվա գործունեության ուղղությունները։

ԳՊՀ ռեկտորատի անդամները կարևորեցին ուսանողական ինքնակառավարման մարմինների դերը սովորողներին համախմբելու և աջակցելու, նրանց ակտիվ գործունեության մղելու հարցում։

Հրապարակվել է 10.10.2022