Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսանողական անձնակազմը ջերմորեն շնորհավորում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի հիմնադիր վարիչ, ԳՊՀ պատվավոր պրոֆեսոր, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Արմեն Արշալույսի Սիմոնյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:
Խորին շնորհակալություն ենք հայտնում սիրելի հոբելյարին Գավառի պետական համալսարանում երկարատև և արդյունավետ աշխատանքի, բուհի բնագիտական ֆակուլտետի կայացման ու զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, երիտասարդ մասնագետների պատրաստման առաքելությունը լավագույնս իրականացնելու համար։
Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի հրավերով Արմեն Սիմոնյանը տիկնոջ՝ Իդա Բատիկյանի հետ եկավ իր ծննդավայր, և նորաստեղծ բուհում աշխատեց ամենայն պատասխանատվությամբ, մեծ սիրով և նվիրումով: Նա ձեռնամուխ եղավ համալսարանի բնագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի կայացմանը:
Պրոֆեսոր Սիմոնյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 15-ին, Գավառ քաղաքում` ուսուցչի ընտանիքում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը և 1960 թվականից աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում՝ որպես Սաղմնաքիմիայի լաբորատորիայի վարիչ, միաժամանակ Գավառի պետական համալսարանում՝ որպես կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ:
Արմեն Սիմոնյանը, անցնելով ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի ստեղծած հայկական կենսաքիմիական և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ակադեմիկոս Ս. Սևերինի ու ակադեմիկոս Վ. Սկուլաչյովի կենսաքիմիական ու կենսաէներգետիկական գիտական դպրոցները, Հայաստանում ստեղծել է էվոլյուցիոն կենսաէներգետիկական ուղղությունը և կենսաէներգետիկների իր դպրոցը:
Պրոֆեսորը զեկուցումներով մասնակցել է Եվրոպական կենսաքիմիական ընկերության մի շարք կոնգրեսների աշխատանքներին: Առանձին զեկուցումներով հանդես է եկել Պրահայի, Լայպցիգի, Գյոթեբորգի, Ստոկհոլմի, Բեռլինի համալսարաններում:
Ավելի քան 400 գիտական աշխատանքների (որոնց մի մասը անգլերեն լեզվով) և երկու մենագրությունների հեղինակ է: Նրա «Գյուղատնտեսական թռչունների սաղմնային զարգացումը և ճտահանությունը» գիրքը օգտագործվում է որպես ուսումնական ձեռնարկ:
Արգասաբեր է նաև պրոֆեսոր Արմեն Սիմոնյանի աշխատանքը մասնագիտական բառարանագրության և հայերեն ժամանակակից կենսաբանական միասնական տերմինաբանության ստեղծման բնագավառում:
Արմեն Սիմոնյանը ակադեմիկոս Արմեն Գալոյանի հետ համահեղինակությամբ կազմել է «Ռուս-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան» (500 էջ), որն իր տեսակի մեջ միակն է հայերեն լեզվով, և որի բառացանկի մեջ ներառվել են կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության մեջ օգտագործվող ավելի քան 5000 տերմիններ ու հասկացություններ, տրվել են դրանց բացատրությունները, և մշակվել է հայերեն միասնական կենսաքիմիական տերմինաբանություն:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Արմեն Սիմոնյանի և ԳՊՀ պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Իդա Բատիկյանի համահեղինակությամբ հրատարակած «Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարանը» (911 էջ)։ Բառարանը ներառում է կենսաբանության տարբեր բնագավառների վերաբերյալ ավելի քան 7000 տերմին։
Շարունակելով բառարանագրության բարդ, միաժամանակ խիստ կարևոր աշխատանքը՝ 2011 թվականին պրոֆեսոր Սիմոնյանը Իդա Բատիկյանի հետ համահեղինակությամբ հրատարակել է «Անգլերեն-ռուսերեն-հայերեն կենսաբանական բառարանը» (1020 էջ), որն անգնահատելի ներդրում է մասնագիտական բնագավառում։ Այն ներառելում է շուրջ 80000 կենսաբանական տերմին։
Պարոն Սիմոնյանի ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ: Բեղմնավոր է նաև նրա մանկավարժական գործունեությունը: Գավառի պետական համալսարանի հիմնադրումից՝ 1993 թվականից մինչ 2019 թվականի սեպտեմբեր` 26 տարի շարունակ, նա աշխատել է ԳՊՀ-ում:
Ստեղծել և ղեկավարել է Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնը, հետևողական աշխատանք կատարել երիտասարդ կենսաբան, էկոլոգ, դեղագործ-քիմիկոս մասնագետների պատրաստման գործում` միաժամանակ ամրապնդելով բուհի և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի համագործակցությունը:
Գավառ քաղաքի ավագանու որոշմամբ՝ գիտական, հասարակական ակտիվ գործունեության համար նրան շնորհվել է Գավառի պատվավոր քաղաքացու կոչում:
Իսկ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանին մատուցած ծառայությունների, գիտամանկավարժական անուրանալի վաստակի համար Արմեն Սիմոնյանին շնորհվել է Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Պրոֆեսորը կենսաքիմիայի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդների, ինչպես նաև կենսաքիմիկոսների հանրապետական ասոցիացիայի ու նախագահության անդամ է եղել։
Հաշվի առնելով պրոֆեսոր Սիմոնյանի գիտական ծանրակշիռ ներդրումը հանրապետությունում էվոլյուցիոն կենսաէներգետիկայի ուղղության ստեղծման ու զարգացման, գիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսության մեջ գիտական արդյունքների ներդրման գործում, մասնագիտական բառարանագրության մեջ ունեցած հսկայական ավանդը, ինչպես նաև բուհական համակարգում մեծ վաստակը՝ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի և ՀՀ կրթության և գիտության նախարարի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արմեն Սիմոնյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ջերմորեն շնորհավորելով կրթության և գիտության երախտավոր Արմեն Սիմոնյանի ծննդյան 90-ամյակը՝ բազմավաստակ հոբելյարին մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք։
Գավառի պետական համալսարանի ռեկտորատ