ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Ջերմորեն շնորհավորում ենք Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պրոֆեսոր Արա Առաքելյանին՝ իր հեղինակած «Համեմատական գրականագիտության հիմունքներ» բուհական դասագրքի հրատարակման առթիվ, որը Երևանի և Գավառի պետական համալսարաններում մագիստրոսական կրթական ծրագրով հեղինակի կարդացած դասախոսությունների հանրագումարն է: Այն գիտնականի երկար տարիների գիտահետազոտական պրպտումների արդյունքն է և լրացնում է այն բացը, որ առկա էր հայ համեմատական գրականագիտության ոլորտում՝ ի տարբերություն արևմտյան և ռուսական գրականագիտության: Համեմատական մեթոդի արմատավորումը 18-19-րդ դարերում ձևավորվող և ապա բուռն զարգացում ապրող գիտությունների ուսումնասիրությունների բնագավառում հանգեցնում է գիտական լուրջ ձեռքբերումների՝ բացահայտելով ինչպես գիտությունների զարգացման ընդհանուր օրինաչափությունները, այնպես էլ որոշարկելով առանձին ազգերի ու ժողովուրդների ստեղծած արժեքների տեղն ու դերը համաշխարհային գիտամշակութային պատմության մեջ: 20-րդ դարում և 21-րդ դարի առաջին քառորդում համեմատաբանությունը ընդարձակել ու խորացրել է իր հնարավորությունները՝ դառնալով գիտական ուսումնասիրությունների առաջատար ուղղություններից մեկը նաև գրականագիտության մեջ, սակայն հայ իրականության մեջ այդ առումով առաջին մենագրական-դասագրքային ամբողջական աշխատությունը Արա Առաքելյանի նշված գիրքն է, որի «նպատակները,-ինչպես գրում է գիտնականը,- համեստ են՝ նախ ներկայացնել այս կարևոր գիտաճյուղի հիմնական խնդիրներն ու պատմությունը, երկրորդ՝ որոշակիորեն ընդարձակել գրականության մեկնաբանության դիտանկյուններն ու հեռանկարները, փորձել այն տեսնել կապերի համակարգում»: Համաժամանակյա և տարաժամանակյա հայեցակետերից մեկնաբանվում են գրական իրողությունները՝ հիմք ունենալով արևմտյան գրականությունը, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործելով ռուսական, հայկական և Արևելքի գրական փաստերը: Մանրամասնորեն ներկայացվում են գրական դարաշրջանների, դրանց ուղղությունների, հոսանքների, դպրոցների, գրականագիտական հասկացությունների՝ ժանր, մոտիվ, գաղափար, սյուժե, ոճ, համեմատական բնութագրերը: Արա Առաքելյանի աշխատությունը արժեքավոր է նաև նրանով, որ գրքի վերջում՝ իբրև հավելված, զետեղված են հոդվածներ, որոնք համեմատաբանության դիտանկյունից քննում են ոչ թե գրականության, այլ ընդհանրապես մշակույթին վերաբերող տարբեր խնդիրներ:
Պրոֆեսոր Առաքելյանի աշխատությունը շատ օգտակար կարող է լինել գրականության և մշակույթի հարցերով հետաքրքրվողներին, առավել ևս ուսանողներին և մագիստրոսներին, որոնց էլ հասցեագրված է գիրքը՝ որպես մագիստրոսական դասընթաց:
Բազմավաստակ գիտնականին մաղթում ենք հետագա հաջողություններ։

Հրապարակվել է 27.10.2022