Գավառի պետական համալսարանի ուսանողների՝ տեսական դասընթացներից ստացած գիտելիքներն ամրապնդվում են գործնական աշխատանքի շնորհիվ:
Բնագիտական ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Աշխարհագրություն» և «Սերվիս» բաժինների առաջին կուրսերի ուսանողներն «Աշխարհագրության հիմունքներ» դասընթացի շրջանակներում՝ դասախոսներ Արամայիս Ավագյանի և Լալա Մկրտչյանի ուղեկցությամբ, հերթական դասն անցկացրեցին դաշտային պայմաններում։ Դասի թեման «Հրաբուխներ»-ն էր։ Ուսանողները բարձրացան Նորատուսում գտնվող Հեր «ստորջրյա» հրաբխի գագաթ, տեղում բացահայտեցին հրաբխի առանձնահատկությունները, տեսան հրաբուխի խառնարանը: Հեր հրաբխի գագաթին կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ, ուստի ուսանողները հետաքրքրությամբ ծանոթացան կիկլոպյան ամրոցների պատմությանը, տեսան հրաբխի լանջին գտնվող քարանձավը, ուսումնասիրեցին Նորատուսում գտնվող երկրաբանական ուշագրավ գոյացությունները՝ Սարիկայա հրվանդանի տարածքում, եղան նաև մեզոզոյան շերտախմբերի հատվածում, հիացան բնության այս հրաշալիքներով, դրանց անկրկնելի գեղեցկությամբ։
Վերադարձին ուսանողները դասախոսների հետ այցելեցին նաև ‹‹Շոռ գոլի վանք›› կոչվող մատուռ։
Գործնական դասը ոչ միայն ուսանելի էր, այլև՝ անմոռաց: