ԱՊԱԳԱ   ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ  ՕՐԸ

Ս․ թ․ նոյեմբերի 22-ին Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսերի ուսանողները` ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի, դասախոսներ Հասմիկ Մարգարյանի և Աստղիկ Ավետիսյանի ուղեկցությամբ, եղան տարբեր արտադրական ձեռնարկություններում։ Նախ  այցելեցին «Ալեքս Տեքստիլ» ընկերության գուլպաների գործարան:

Ուսանողները արտադրամասի ղեկավարի ուղեկցությամբ շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրական, արդուկման և փաթեթավորման գործընթացներին: Ուսանողներին ներկայացվեց գուլպաների արտադրության տեխնոլոգիան, տեխնիկան, արտադրողականությունը, արտադրանքի տեսականին, արտադրության մեջ օգտագործվող հումքը:

Ապագա տնտեսագետներին հետաքրքրում էին աշխատողների թվաքանակին, նրանց մասնագիտական աճին, արտադրանքի վաճառքի ուղիներին վերաբերող հարցեր, որոնց տրվեցին հետաքրքիր  պատասխաններ:

Այնուհետ ուսանողներն իրենց պրակտիկան շարունակեցին «ՕՎԱԼ պլաստիկ» ընկերությունում: Այնտեղ նրանք ծանոթացան ապակե, ճենապակե և մետաղական ապրանքներին փոխարինող պրակտիկ և մատչելի՝ մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարրաների և այլ ապրանքատեսակների արտադրությանը: Արտադրության մասնագետը ներկայացրեց, որ պլաստիկե արտադրանքն արտադրվում է պոլիմերային հումքից, թերմոպլաստիկ և վակուումային կաղապարման եղանակով: Ուսանողները ականատես եղան, թե ինչպես է խտանյութը բարձր ջերմաստիճանի տակ հալեցվում, վերածվում պլաստիկե ժապավենի, որից էլ ստանում են անհրաժեշտ տարրաները: Արտադրության մասնագետն ընդգծեց, որ ապրանքի բազմազանությունը կարևոր է, բայց ամենակարևորը հումքն է, որը որակյալ է և անվտանգ առողջության համար: Ուսանողները ծանոթացան ընկերության տասից ավելի արտադրամասերի աշխատանքին։ Արդյունավետ ու հագեցած օրը նշանավորվեց Երևանի ժամանակակից արվեստի թանգարան այցով:

Հրապարակվել է 25.11.2022