‹‹ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ››․ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ  ԳՊՀ  ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

«Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես

օգտագործել աշխարհը փոխելու համար»։

 Նելսոն Մանդելա

Գավառի պետական համալսարանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները նորարարական գաղափարներով և մոտեցումներով իրականացնում են համալսարանական մեծ ընտանիքի կրտսեր անդամները:

Ս. թ. նոյեմբերի 12-ին ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանի աջակցությամբ կայացավ բուհի տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը:

Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում, տնտեսագիտություն բաժինների առաջին կուրսեցիները։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի անմահացած հերոսների  հիշատակը, ապա ուսանողները հետաքրքիր ձևով ներկայացան և ներկայացրին իրենց  նախասիրությունները, հանդես եկան տնտեսագիտության կարևորության մասին դիտարկումներով։

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին դասախոսներին՝ սիրով ու նվիրումով իրենց հետ աշխատելու համար և վստահեցրին, որ իրենք պատվով են կրում Գավառի պետական համալսարանի ուսանողի կոչումը և դառնալու են որակյալ մասնագետներ, որպեսզի նպաստեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։

Ուսանողների բեմելին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Առաջին կուրսեցիներին իրենց ողջույնի խոսքն ու մաղթանքները հղեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի Նորատուսի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Հովհաննիսյանը, ֆակուլտետների դեկաններ Սամվել Ամիրխանյանը, Համլետ Ղաջոյանը, Մարտին Ավագյանը, Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Մարիամ Հերգնյանը։

 

 

Հրապարակվել է 16.11.2022