Գավառի պետական համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկը՝ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող ամենամյա միջոցառումն է, որի մասնակիցները համալսարանական մեծ ընտանիքի կրտսեր անդամներն են՝ բուհի առաջին կուրսեցիները:
Ս. թ. նոյեմբերի 4-ին ԳՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ, տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Խաչատրյանի աջակցությամբ կայացավ բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը: Միջոցառմանը մասնակցում էին իրավագիտության, պատմության, տարրական մանկավարժություն և մեթոդիկայի բաժինների առաջին կուրսի ուսանողները։
Միջոցառման ժամանակ ուսանողները հանդես եկան հայրենասիրական երգերով, ազգագրական պարերով, ներկայացրին իրենց ընտրած մասնագիտությունների առանձնահատկությունները, տվյալ մասնագիտությունն ընտրելու դրդապատճառները։
Ուսանողներն իրենց երախտիքի խոսքը հղեցին մայր բուհին՝ ջերմ ընդունելության, նոր գիտելիքներ հաղորդելու համար՝ խոստանալով լավ սովորել և իրենց կրթությունը ծառայեցնել ի նպաստ հայրենիքի։
Լավագույնս ներկայացան և ներկայացրին իրենց բաժինները նաև ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիները՝ միջոցառումը համեմելով երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով։ Նրանք իրենց ֆակուլտետը որակեցին որպես սիրով, ջերմությամբ և փոխադարձ հարգանքով առլեցուն ընտանիք, որտեղ կա հոգատարություն միմյանց նկատմամբ, ուշադրություն ուսանողների հանդեպ, բարի ու անկեղծ վերաբերմունք։ Միջոցառումը կազմակերպվել էր բնագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի և փոխնախագահ Ռոզա Սաֆարյանի աջակցությամբ։
Ուսանողների բեմելին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:
Առաջին կուրսեցիներին իրենց ողջույնի խոսքն ու մաղթանքները հղեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ֆակուլտետների դեկաններ Համլետ Ղաջոյանը, Մարտին Ավագյանը, Սամվել Ամիրխանյանը, Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Սիրանուշ Խանդանյանը, դասախոսներ, Կարինե Պապիկյանը, Արամայիս Ավագյանը, Մարինե Հովհաննիսյանը, Շահեն Գասպարյանը, Լալա Մկրտչյանը, ցանկանալով արդյունավետ ուսումնառություն, գեղեցիկ և անմոռանալի համալսարանական տարիներ։