ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ

Գավառի պետական համալսարանի և «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն»-ի համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց երկօրյա դասընթաց՝ նվիրված Խնայողությունների միջազգային օրվան՝ հոկտեմբերի 31-ին։ «Խնայողությունների խաղ» դասընթացը կոչված էր խաղարկային մեթոդով նպաստելու մասնակիցների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Մասնակիցները քննարկեցին առօրյայում անհրաժեշտ մի շարք ֆինանսական հասկացություններ, կազմեցին և վերլուծեցին ընտանեկան բյուջեներ, տարբերակեցին կարիքներն ու ցանկությունները, որոնց հիման վրա կայացրին ճիշտ որոշումներ։ Խաղի ընթացքում ձեռք բերված գիտելիքները մասնակիցները կարող են կիրառել իրենց ամենօրյա կյանքում և կայացնել ավելի խելամիտ որոշումներ ֆինանսական, էներգաօգտագործման և այլ նյութական ռեսուրսներ պահանջող հարցերի վերաբերյալ։

«Խնայողությունների խաղ» դասընթացը մասնակիցների համար կազմակերպեցին և վարեցին ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ‹‹Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ›› բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալլա Սարգսյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Իրավագիտություն›› բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Կարապետյանը, ովքեր միաժամանակ հանդիսանում են «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» կազմակերպության դասընթացավարներ։

Դասընթացն իրականություն դարձավ համալսարանական և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների աջակցությամբ ու նախագահների գործուն մասնակցությամբ։ «Խնայողությունների խաղ» երկօրյա դասընթացին մասնակցեցին ԳՊՀ տնտեսագիտական, բանասիրական և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների տարբեր բաժինների ուսանողներ։ Խաղի ավարտին մասնակիցները փաստեցին դասընթացի արդյունավետության մասին և նշեցին, որ ծանոթացան խնայողություն կատարելու եղանակներին և դրա հետևանքներին։

Հրապարակվել է 02.11.2022