ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Մերի Սարգսյանը, Գալուստ Գասպարյանը, Արամայիս Ավետիսյանը և նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Լարիսա Բադալյանը, Աղեկ Ստեփանյանը մասնակցեցին Դիլիջան քաղաքում կայացած ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ-ը) և ‹‹Առաքելություն Հայաստան›› հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած՝ ‹‹Փախստականների իրավունքներ›› խորագիրը կրող 11-րդ աշնանային դպրոցի աշխատանքներին։

Մասնակիցները քննարկեցին փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներ՝ փախստականների միջազգային-իրավական պաշտպանության հիմնարար սկզբունքները, փախստականի կարգավիճակի որոշման և դադարեցման ընթացակարգը, ապաստան հայցող անձանց և փախստականների սոցիալ-տնտեսական իրավունքները Հայաստանում և այլ արդիական հիմնախնդիրներ։

Ուսանողները ծանոթացան ապաստանի դիմումների և Հայաստանի միգրացիոն ծառայության վիճակագրական տվյալներին, ներկայացրին համալսարանների իրավաբանական կլինիկաների ուսանողների կողմից ավագ դպրոցների սովորողների համար իրականացվող «Իրավունք բոլորի համար» նորարարական ծրագիրը, իրավաբանական կլինիկաների գործունեության այլ ուղղությունները:

«Փախստականների իրավունք» աշնանային դպրոցը եզրափակվեց վկայականների հանձնման արարողությամբ և ճանաչողական շրջայցով դեպի Գոշավանք՝ հարգանքի տուրք մատուցելով միջնադարյան Հայաստանի ականավոր հասարակական գործիչ, իրավագետ, Դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշի հիշատակին։

Հրապարակվել է 17.11.2022