ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԲՈՒՀԵՐԻՑ  ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Գավառի պետական համալսարանում շարունակվում են հանդիպումները Եվրոպական միության միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի շրջանակում եվրոպական բուհերում դասավանդած և վերապատրաստում անցած գործընկերների հետ: Ս. թ. նոյեմբերի 19-ին ԳՊՀ դասախոսները հաշվետվություններ ներկայացրին արտերկրում իրենց դասախոսական աշխատանքի և վերապատրաստման դասընթացների վերաբերյալ:

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը ներկայացրեց  Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի և Պորտուգալիայի Հանրապետության Մինհոյի համալսարաններում մեկշաբաթյա դասավանդման և միաժամանակ վերապատրաստման իր փորձը։      Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ Եվրոպական բուհերում դասավանդումը և փորձի փոխանակությունը լավ հնարավորություն են համադրելու բուհերի կրթական ծրագրերը, հարստացնելու դասընթացների բովանդակությունը, ուսումնասիրելու եվրոպական բուհերում ներդրված ուսուցման գործիքակազմը, ներկայացնելու ԳՊՀ-ում կիրառվող արդյունավետ մեթոդները։

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, որակի ապահովման բաժնի վարիչի պաշտոնակատար Քանաքարա Հայրապետյանը ներկայացրեց  Պորտուգալիայի Էվորայի համալսարանում անցկացրած մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվություն՝ փաստելով, որ վերապատրաստման դասընթացն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակին։

Հաշվետու շնորհանդեսով հանդես եկավ նաև բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս,  արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը, ով ներկայացրեց ս․ թ․ մայիսի 9-ից մայիսի 13-ը Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում ԳՊՀ արտաքին կապերի բաժնի աշխատակից Նունե Միրիբյանի և իր մասնակցությամբ կայացած վերապատրաստման դասընթացի և  աշխատաժողովի վերաբերյալ տեղեկատվություն։

Եվրոպական ծրագրերին մասնակցած դասախոսները պատասխանեցին ներկաների հարցերին, ծավալվեց բովանդակալից քննարկում։

 

 

Հրապարակվել է 22.11.2022