ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Խորին երախտագիտություն ենք  հայտնում Գավառի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի երկարամյա դասախոս, ԳՊՀ պրոֆեսոր Արամ Հայկի Մարգարյանին՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, երիտասարդ մասնագետների կրթության ու դաստիարակության  պատվաբեր գործում ունեցած մեծ ավանդի համար:

Արամ Հայկի Մարգարյանը ծնվել է 1944 թ. մարտի 1-ին, Նախիջևանում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի համար 1 հայկական միջնակարգ դպրոցում, այնուհետ ընտանիքը տեղափոխվել է Երևան,  և 1954 թ-ից նա ուսումը շարունակել է  Երևանի համար 49 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1963 թ-ին:

1963-1968 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գերմաներեն լեզվի և գրականության բաժնում:

1968 թ-ին ավարտել է բուհը և նույն տարում աշխատանքի անցել Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնում՝ որպես լաբորանտ, իսկ 1971 թ-ից՝ որպես ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի  դասախոս:

1990-1997թթ-ն եղել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան, միաժամանակ՝ գերմանական բանասիրության ամբիոնի  ասիստենտ:

2001 թ-ից Արամ Մարգարյանը աշխատանքի է ընդունվել Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնում որպես գերմաներենի դասախոս: Վերապատրաստման դասընթացների է մասնակցել Բեռլինում, Համբուրգում, Ստրասբուրգում, Վիեննայում: Եղել է Կանադա, Ֆրանսիա, Վիեննա, Չեխիա, Դանիա, Շվեդիա, Գերմանիա մեկնող զբոսաշրջային խմբերի ղեկավար:

Պարոն Մարգարյանը հեղինակել է գերմաներեն սովորող ուսանողներին հասցեագրված «Արևելագիտական տեքստերի  ժողովածու» ուսումնական ձեռնարկը։  

Գավառի պետական համալսարանում բազմամյա աշխատանքի, երիտասարդ մասնագետների կրթության ու դաստիարակության կարևոր առաքելությունը լավագույնս իրականացնելու, ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի կայացման և զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Արամ Մարգարյանը արժանացել է ԳՊՀ գիտական խորհրդի շնորհակալագրին:

Սիրելի դասախոսին մաղթում ենք քաջառողջություն, հաջողություն, խաղաղ ու լուսառատ օրեր։

ԳՊՀ ռեկտորատ

Հրապարակվել է 19.11.2022