ԵՐԲ  ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ  ԴԱՌՆՈՒՄ  Է  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Սերվիս» բաժնի ուսանողները՝ դասախոս Լալա Մկրտչյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Սերվիս մասնագիտությանը:

Միջոցառման հիմնական նպատակն էր աշակերտներին ներկայացնել ԳՊՀ ուսանողների անցած ճանապարհը՝ նախասիրությունից դեպի մասնագիտություն, տեղեկություններ տալ Սերվիս մասնագիտության վերաբերյալ, ներկայացնել համալսարանի ընձեռած հնարավորությունները ոչ միայն ուսման ընթացքում, այլև աշխատանք գտնելու հարցում:

Միջոցառմանը ներկա էին Նորատուսի թիվ 1 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները՝ աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Խաչատրյանի ղեկավարությամբ, Սարուխանի թիվ 1 և թիվ 2 դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները՝ աշխարհագրության ուսուցիչ Ավետիք Սաֆարյանի և կազմակերպիչ Արմինե Շակոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Գանձակի թիվ 2 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի Սերվիս բաժնի ուսանողները պատմեցին իրենց մասնագիտական ոլորտների, գործնական դասերի, հետաքրքիր և ուսուցողական էքսկուրսիաների մասին, որոնց շնորհիվ տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնականում։ Ուսանողները նաև ներկայացրին, թե ինչպես են ընտրվում երթուղիները և ինչպես են դրանք կյանքի կոչվում, ցուցադրեցին տեսանյութեր:

Միջոցառման ավարտին Մելանյա Պետրոսյանն ու Ժաննա Բնյանը՝ որպես 4-րդ կուրսի ուսանողուհիներ, աշակերտներին խորհուրդներ տվեցին մասնագիտության ընտրության վերաբերյալ, իսկ ցածր կուրսերի ուսանողներին կոչ արեցին առավելագույնը վերցնել սիրելի դասախոսներից:

Ուսանողները փաստեցին, որ իրենք սիրում են Սերվիս մասնագիտությունը, սիրով են հաճախում համալսարան, իսկ եթե ինչ որ բան արվում է սիրով, ապա այն  անպայման տալիս է իր բարի պտուղները:

 

 

Հրապարակվել է 12.11.2022