ԵՐԲ  ՏԵՍԱԿԱՆ  ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ  ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ  ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սերվիս բաժնի ուսանողները շարունակում են ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում: «Աշխարհագրության հիմունքներ», «Հայաստանի ֆիզիկական աշխարհագրություն» և «Հայաստանի բնական և պատմաճարտարապետական հուշարձանները» դասընթացների գործնական աշխատանքները տեղի ունեցան դաշտային պայմաններում, ս․ թ․ նոյեմբերի 6-ին՝ դասախոս Լալա Մկրտչյանի ղեկավարությամբ: Այս անգամ ուսանողներն այցելեցին ՀՀ Արարատի մարզ: Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ՀՀ լանդշաֆտային գոտիների, պատմաճարտարապետական հուշարձանների և աշխարհագրական տարբեր օբյեկտների հետ, բացահայտել մարզը նորովի: Արարատի մարզը Հայաստանի այն միակ տարածաշրջանն է, որտեղ հանդես են գալիս լանդշաֆտային բոլոր գոտիները՝ անապատ-կիսաանապատայինից մինչև ձյունամերձ: Ուսանողները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու կիսաանապատին բնորոշ հողերը, բուսականությունը, վատահողերը /բեդլենդներ/, հասկանալու, թե ինչ է ֆրիգանոիդ /լեռնաչորասեր/ բուսականությունը։ Մոտիկից տեսան Երախի, Դահնակի, Ուրծի լեռները, Վեդի, Շաղափ, Խոսրով գետերը, Արարատյան դաշտը, ճահճային տարածքներ և, իհարկե, հմայվեցին Մասիսի վեհապանծ տեսարանով:

Ընտրված երթուղիներն ընդգրկում էին և՛ շատ հայտնի, և՛ շատերին դեռևս անհայտ, բայց կարևոր պատմական վայրեր: Ուսանողները եղան Հրեշտակների ձորում, Տափի բերդում /Գևորգ Մարզպետունու ամրոց/, Սուրբ Հովհաննես-Կարապետ վանքում և Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում:

Այս անգամ որպես զբոսավարներ հանդես էին գալիս ԳՊՀ սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողները:

Գործնական դասը շատ հագեցած էր, տպավորությունը՝ անմոռաց: Ուսանողները ներկայացրին իրենց հանձնարարված օբյեկտների պատմությունը, կարողացան կատարել այլ առաջադրանքներ ևս:

Յուրօրինակ գործնական դասի ավարտին, որպես ավանդույթ, ավարտական կուրսի ուսանողները խորհուրդներ տվեցին կրտսերներին: Իսկ դասախոս Լալա Մկրտչյանն ամփոփեց օրը՝ նշելով նաև ուսանող-զբոսավարների բացթողումներըեր, որպեսզի հետագայում նրանք ավելի վստահ հանդես գան:

Նման գործնական դասերը շարունակական են:

 

 

 

 

 

 

 

Հրապարակվել է 08.11.2022