ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ  ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ ՓԻԼԻՍՈՓԱ ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Ֆիզիկամաթեմատիկական  գիտությունների թեկնածու, ծրագրավորող փիլիսոփա Վահրամ Մարտիրոսյանը հեղինակել է   «Ծրագրավորում օպերացիոն համակարգերի միջոցով» գիրքը։ Այն հասցեագրված է սկսնակ ծրագրավորողներին։  Հեղինակը գտնում է, որ ծրագրավորման էությունը ըմբռնել նշանակում է հասկանալ դրա փիլիսոփայությունը: Հենց ծրագրավորման փիլիսոփայության շնորհիվ կարելի է ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են ‹‹Ի՞նչ է ծրագրավորումը››, ‹‹Ովքե՞ր են ծրագրավորողները››, ‹‹Ի՞նչն է լավը, ի՞նչը՝ վատը ծրագրավորման մեջ››: Ծրագրավորման փիլիսոփայության իմացությունը մտածողության նոր մակարդակների բանալին է: Գրքում ներկայացված են օպերացիոն համակարգերը, ֆայլային համակարգերը,  գործընթացների և հիշողության կառավարման ուղիները։ Հեղինակը հիմնավորում է, որ որակյալ ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել ծրագրավորման հիմքերին՝ ապարատային ճարտարապետությանը և օպերացիոն համակարգերին, որոնց վրա է կառուցվում ծրագրավորմանը վերաբերող  գիտելիքների կառույցը:

Շնորհավորելով իր գործի գիտակ, հմուտ դասախոս, ճարտարապետ, հոգատար հայր Վահրամ Արթուրի Մարտիրոսյանին՝ ներկայացնենք նրա կենսագրությունը․

Վահրամ Արթուրի Մարտիրոսյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 15-ին,  Երևան քաղաքում: 2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնի մագիստրատուրան: Այնուհետ կրթությունը շարունակել է Հայ -ռուսական (Սլավոնական) համալսարանի  ասպիրանտուրայում և 2009 թվականին, պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը,  ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2003-2005 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում։

2004-2005 թվականներին աշխատել է «South Tech Consulting» ընկերությունում՝ որպես ծրագրավորող։

2007 թվականից դասախոսում է Հայ-ռուսական, Երևանի պետական և Հայաստանի Ամերիկյան համալսարաններում։

2022թ․-ից աշխատում է «System View Armenia» ընկերությունում՝ որպես հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, տեխնիկական գլխավոր մասնագետ։

Վահրամ Մարտիրոսյանը Գավառի պետական համալսարանի սիրված դասախոսներից է։

Մեր գործընկերոջը մաղթում ենք հետագա հաջողություններ՝  սպասելով  նոր գրքերի և գիտական ձեռքբերումների։

 

Հրապարակվել է 17.11.2022