ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Շնորհավորում ենք Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հակոբյանին՝   «Տրանսֆերային գնագոյացում» մենագրության լույսընծայման առթիվ։

Արդի աշխարհում տրանսֆերային գնագոյացումը չափազանց կարևոր է շահառուների համար և  հետաքրքրություն է ներկայացնում թե՛  գիտական,  թե՛ կիրառական տեսանկյուններից։

Մենագրությունում ներկայացված են տրանսֆերային գնագոյացման  բովանդակային, կառուցակարգային, մեթոդական, վերահսկողության, որոշումների կայացման, զարգացման և հաշվետվողականության արդի հիմնախնդիրները։

Մենագրությունում ներկայացվել են տրանսֆերային գնագոյացման էությունը, առանձնահատկությունները, տնտեսական հարաբերությունների շրջանակը,  բացահայտվել են ֆինանսական վերահսկողության հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման  ուղիները։

Անդրադառնալով կազմակերպությունների կառավարման բնագավառում  տրանսֆերային գնագոյացման կառավարչական հաշվառման գործառույթներին և ներտնտեսային հաշվառման կազմակերպմանը՝ հեղինակը ներկայացրել է կազմակերպությունների ներխմբային հաշվառման համակարգի  տեսամեթոդական և կիրառական հիմքերը։

Մենագրությունում ուսումնասիրության առարկա են  դարձել նաև բանկային համակարգում տրանսֆերային գների կիրառման, ՀՀ-ում տրանսֆերային գնագոյացման վերահսկողության հիմնախնդիրները։ Իսկ ներկայացված մեթոդները և մոտեցումները գործնականում կնպաստեն կազմակերպությունների ներտնտեսական հարաբերությունների բարելավմանը։

Աշխատությունը լուրջ ներդրում է տնտեսագիտության բնագավառում, քանի որ համակողմանիորեն ներկայացված են  տրանսֆերային գնագոյացման  հիմնախնդիրները։

Հեղինակին մաղթում ենք հետագա ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ներկայացնելով պրոֆեսոր Հակոբյանի կենսագրությունը։

Արմեն Աշմատի Հակոբյանը ծնվել է 1976 թվականի մարտի 18-ին,  Երևան քաղաքում: 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ: Այնուհետ կրթությունը շարունակել է նույն բուհի ասպիրանտուրայում և 2001 թվականին, պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը,  ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝  լինելով ՀՀ-ում առաջինը, ով այդ մասնագիտությամբ ստացել է  գիտական աստիճան /Ը-0005 հաշվապահական հաշվառում և վիճակագրություն/, իսկ 2004 թ․-ին ստացել է դոցենտի գիտական կոչում։

2012 թվականի հուլիսին Ա․ Հակոբյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Վարձակալության հաշվառման և ֆինանսական կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում»  թեմայով,  և նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 2019 թվականի դեկտեմբերին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

1998 թվականից նա դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, միաժամանակ  Արմեն Հակոբյանը հանդիսանում է ՀՊՏՀ «014»  մասնագիտական խորհրդի անդամ։ Հաշվառման և ֆինանսների վերաբերյալ 70-ից ավելի գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ է, ունի 2 մենագրություն: 2016-2022 թթ ընթացքում Հակոբյանի ղեկավարությամբ 8 ասպիրանտ պաշտպանել են տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի  կողմից տրված վկայականների՝ նա  ունի բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի պաշտոններում աշխատելու իրավունք:

Մասնակցել է որակավորման բարձրացման տարբեր դասընթացների ՀՀ-ում, ՌԴ–ում, Լիբանանում, Նիդերլանդներում, Չեխիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում:

Ա․ Հակոբյանը 2020 թվականից  ՀՊՏՀ Հաշվապահական հաշվառուման  ֆակուլտետի «ֆինանսական հաշվառման»  ամբիոնի պրոֆեսոր է,  ՀՀ փորձագիտական  հաշվառման և աուդիտորների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ ՝ փորձագետ-հաշվապահ։

2015  թվականի հուլիսից Արմեն Հակոբյանը աշխատում  է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ:

Ամուսնացած է:

Պարոն Հակոբյանը աշխատում է Գավառի պետական համալսարանում, նրա ղեկավարությամբ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի ասպիրանտը հաջղությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը։

Նա արժանացել է բազմաթիվ շնորակալագրերի և պատվոգրերի, այդ թվում՝ ԳՊՀ գիտական շնորհակալագրի։

Սիրով սպասում ենք պրոֆեսոր Արմեն Աշմատի Հակոբյանի նոր գիտական աշխատություններին։

 

Հրապարակվել է 02.11.2022