Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ Սուրբ Ծննդյան տոների նախօրեին տեղի ունեցավ «Հայաստան-Գերմանիա. Սուրբ Ծննդյան կամուրջ» խորագրով առցանց հանդիպում Գավառի պետական համալսարանի և Գերմանիայի Բոխումի համալսարանի ու Դորտմունդի տեխնիկական համալսարանի դասախոսների և ուսանողների միջև։ Հանդիպման առցանց ձևաչափը հնարավորություն տվեց ջերմ կապեր հաստատելու մասնակիցների միջև: Հանդիպումը վարում էին ԳՊՀ գերմաներենի դասախոս, Երևանի «Talk & Travel» կենտրոնի ղեկավար Եղիշե Դաշտոյանը և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Սմբաթյանը:
Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, ամբիոնի ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանը, անգլերեն լեզվի և գրականության բաժնի ուսանողներ:
Գերմանիայից միջոցառումը վարում էր Դորտմունդի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Սոկոլովը:
Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը: Նա կարևորեց միջբուհական կապերի ստեղծումն ու ամրապնդումը թե՛ ուսանողների և թե՛ դասախոսների միջև՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է ծանոթանալու միմյանց երկրների մշակույթներին ու կրթական համակարգերին: Այնուհետ Եղիշե Դաշտոյանը ներկայացրեց երկու երկրների մշակութային կապերը, օրվա խորհուրդը։ Ցուցադրվեցին Հայաստանի և Գերմանիայի պատմամշակութային արժեքների, տեսարժան վայրերի, Գավառի պետական համալսարանի, Բոխումի և Դորտմունդի համալսարանների մասին պատկող տեսանյութեր: Անդրադարձ կատարվեց նաև Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարութուններին երկու երկրներում, նշվեցին նմանություններն ու տարբերությունները: Հայաստանի մասին տեսանյութերը հետաքրքրեցին Գերմանիայի ուսանողներին, և նրանք խոստովանեցին, որ ԳՊՀ-ի շնորհիվ իրենց համար բացահայտեցին Հայաստան երկիրը և ցանկություն հայտնեցին այցելել Հայաստան:
Հանդիպումն ավարտվեց երկու երկրների ուսանողների կողմից գերմաներենով ամանորյա երգի համատեղ կատարմամբ։