‹‹ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՔՆՎԱԾ ԿՈՂՄԸ››

Գավառի պետական համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից են գրքերի քննարկումները, հեղինակների հետ ուսուցողական հանդիպումները, արդի թեմաներով սեմինարները։ ԳՊՀ ուսանողներն ու դասախոսները հանդիպեցին ‹‹Targeting››  ընկերության համահիմնադիր և տնօրեն, թվային շուկայաբան /մարկետոլոգ/, «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանի հետ։

Տեղի ունեցավ գրքի քննարկում։ Սեփական փորձի, անցած ճանապարհի փորձությունների մասին պատմություններն առվել հետաքրքիր դարձրին հաջողության հասնելու նախադրյալների և ուղիների մասին քննարկումը։

Հեղինակը նշեց, որ նպատակասլացությունը հաջողության գրավականն է, իսկ հաջողության ‹‹թաքնված կողմը›› կազմում են անվերջ սովորելն ու ընթերցելը,  ջանադիր աշխատանքը, տարբեր ոլորտներում նոր մասնագիտացում ձեռք բերելը։  Ուսանողներն անդրադարձան Գավառի  պետական համալսարանում որպես կարգախոս կիրառվող ճշմարտությանը՝ որակյալ կրթությունը կյանքի որակի  երաշխիքն է։

Հանդիպմանը մասնակցեց  նաև արձակագիր Արմեն Նիազյանը, ով «Բռնիր ձեռքս․ես վախենում եմ» և «Խավարից այն կողմ» գրքերի հեղինակն է։ Արմեն Նիազյանը ուսանողներին հակիրճ ներկայացրեց իր գրքերի հիմնական գաղափարները։

Քննարկման հաջորդ թեման թվային շուկայաբանությունն  էր /մարքեթինգը/, որի գործիքներին տիրապետումը կարևոր է ուսանողների համար։

Քննարկումն ամփոփեց ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը՝ կարևորելով նման հանդիպում-քննարկումների կազմակերպումը։

 

Հրապարակվել է 08.12.2022