ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ․ ՕՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Օնիկ Մկրտչյանը ծնվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում, 2000 թվականին: 2018 թվականին ավարտել է Գավառի՝ Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը և ընդունվել Գավառի պետական համալսարանի առկա ուսուցման բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի առաջին կուրս։ Դպրոցական տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն, մասնակցել օլիմպիադաների։

Սպորտի բնագավառում նույնպես ունեցել է բարձր ցուցանիշներ: 2018 թվականին զորակոչվել է հայոց բանակ։ 2018-2020 թվականներին ծառայել է հայրենիքին և, ավարտելով ծառայությունըշարունակել է ուսումը համալսարանում։ Բուհում ուսմանը զուգահեռ մասնակցել է ծրագրավորման դասընթացի։ 2022 թվականի ամռանը ԳՊՀ բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողների հետ  մասնակցել է Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանում կազմակերպված ‹‹Ամառային համալսարան›› ծրագրին, որտեղ ևս արժանացել է շնորհակալագրերի, ստացել հավաստագիր:

Գավառի պետական համալսարանի իրականացրած Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբեր ամսից Օնիկը սովորում է Պորտուգալիայի թագավորության Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում և պատվով ներկայացնում իր բուհը։

Հրապարակվել է 17.01.2023