ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ‹‹ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ-2022›› ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Ս թ մարտի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո-2022» համաժողովը և տարածաշրջանում խոշորագույնը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից բաղկացած խումբը Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ  և ամբիոնի դասախոսներ Մարգար Հովհաննիսյանի, Արթուր Միրիբյանի, Կարեն  Սիրականյանի, Երեմ Սարգսյանի, Կարեն Մաստոյանի  ուղեկցությամբ այցելեցին ցուցահանդես։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը եւ այլք:

‹‹ԴիջիԹեք››ը համախմբում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ներկայացնում ձեռքբերումներն ու նպաստում ոլորտի զարգացմանը: Համաժողովի խորագիրն է «AMBITIOUS TECH. Բաց տնտեսությունների դիմակայունությունը՝ աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ Համաժողովն անցկացվեց պանելային քննարկումների ձևով և առանձնացավ առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների և հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ, հաջողված փորձի փոխանակմամբ։

Համալսարանականները շրջեցին ցուցահանդեսի  տաղավարներով, որտեղ ներկայացված էին հայկական տեխնոլոգիական ընկերությունները։ Մի շարք տաղավարներում  համալսարանականներին առավել մանրամասն ներկայացվեցին տեխնոլոգիական արտադրանքները, աշխատանքի ընդունման հնարավորությունները, ինչպես նաև ողջունեցին և կարևորեցին խմբի այցելությունը ցուցահանդես։ Մասնակիցները տպավորված էին ընկերությունների կողմից առաջարկած նորարարական լուծումներով, ինչպես նաև Արմաթ խմբակների սաների կատարած աշխատանքներով։

«Նման մասնագիտական ցուցահանդեսները ուսանողներին հնարավորություն են տալիս մի տեղում ծանոթանալ տեխնոլոգիական զարգացումների միտումներին, տարբեր ընկերությունների պրակտիկային և առաջարկած լուծումներին, նորարարական ծրագրերին, թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ձեռք բերել նոր կապեր և արժևորել ընտրած մասնագիտությունը» — նշեց Վարազդատ Ավետիսյանը։

Հրապարակվել է 11.03.2023