Գավառի պետական համալսարանի ռեկտորատը խորապես վշտակցում է Տարիել Հրաչիկի Զաքոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, համալսարանականներին, քանզի կորուստը բոլորինս է․․․
Տարիել Հրաչիկի Զաքոյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 10-ին, քաղաք Կամոյում (այժմ՝ Գավառ)՝ Հրաչիկ և Գոհար Զաքոյանների ընտանիքում։
1957 թվականից սովորել է Կամոյի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
1967 թվականից կրթությունը շարունակել է Կամոյի Ինդուստրիալ տեխնիկումի էլեկտրասարքաշինություն բաժնում։ Տեխնիկումն ավարտել է 1971 թվականին։
1981 թվականից 1985 թվականն աշխատել է Կամոյի կենցաղ-կոմբինատում։
1983 թվականից մինչև 1992 թվականը եղել է Կամոյի մթերման գրասենյակի աշխատակից։
2004 թվականից աշխատանքի է ընդունվել Գավառի պետական համալսարան՝ նախ որպես հսկիչ, ապա ավագ պարետ։
Իր ողջ ջանքն ու եռանդը ծառայեցրել է համալսարանի տնտեսատեխնիկական պատշաճ գործունեության ապահովմանը, պատասխանատու և բարեխիղճ կերպով կատարել է իր պարտականությունները, աշխատանքին մոտեցել նվիրումով ու պատվախնդրորեն և նույնը պահանջել ուրիշներից։
Տարիել Զաքոյանն իր գիտակցական կյանքն ապրել է բոլորի հոգսերով և խնդիրներով, մշտապես օգնության ձեռք մեկնել ընկերներին ու հարազատներին, ծանոթ ու անծանոթ մարդկանց, անտարբեր չի եղել որևէ անձի կամ որևէ խնդրի նկատմամբ։
Նա անմնացորդ սիրում էր իր ծննդավայրը, Գավառի ավանդույթների և սովորույթների կրողն էր ու ջատագովը, իր հող ու ջրի հավատավոր զավակը։
Տարիել Զաքոյանն արժանիորեն վայելում էր բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամների, բոլոր ուսանողների անթաքույց սերը, վստահությունն ու հարգանքը։
Համալսարանական ողջ հանրույթի անունից խորապես ցավակցում ենք Տարիել Զաքոյանի ընտանիքին, մերձավորներին, ընկերներին՝ ծանր կորստի համար։
Տարիել Զաքոյանի ի Տեր ննջելը կորուստ է ոչ միայն ընտանիքի ու հարազատների, այլև Գավառի պետական համալսարանի կոլեկտիվի համար:
Գավառի պետական համալսարանի ռեկտորատ