ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի ուսանողները բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի և դասախոսների ուղեկցությամբ  մասնագիտական ճանաչողական էքսկուրսիայի շրջանակներում այցելեցին  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացած կազմակերպություններ։

Համալսարանականները հյուրընկալվեցին «Ինսթիգեյթ», «Ռենդերֆորեստ», «Արեն Մեհրաբյան հիմնադրամ», «Պիքսարտ Ակադեմիա» կազմակերպություններում, այցելեցին  «Ինժեներական քաղաքում» գործող Գիտության և տեխնիկայի թանգարան։ Համալսարանականները ծանոթացան  կազմակերպությունների գործունեությանը, կառուցվածքին, մասնագիտական ուղղվածությանը, եղան տարբեր ստորաբաժանումներում ու լաբորատորիաներում։ Կազմակերպությունների ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրին իրենց ծառայությունները, սեփական արտադրանքները, աշխատակիցների մասնագիտական որակներին ներկայացվող պահանջները, անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին և մարտահրավերներին, ինչպես նաև խորհուրդներ տվեցին  ապագա մասնագետներին։

«Ուսանողների և դասախոսների անունից շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալ կազմակերպություններին։ Մասնագիտական ճանաչողական այցերը ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ կրում են պարբերական բնույթ և ուսանողներին հնարավորություն են ընձեռում իրենց մասնագիտության առանձնահատկությունները բացահայտել անմիջապես  աշխատավայրում, գործողության մեջ, ծանոթանալ աշխատանքային մշակույթին, ընկերությունների ներկայացուցիչներին հղել հարցեր և ստանալ բազմակողմանի պատասխաններ ու խորհուրդներ, որոնք կօգնեն իրենց հետագա ուսումնառության ընթացքում»- նշեց Վարազդատ Ավետիսյանը։

Հրապարակվել է 24.05.2023