Լիտվայի Հանրապետության Կլայպեդայի համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական Միության «ERASMUS+ FLEXWBL» ծրագրի հերթական աշխատաժողովը՝ նվիրված աշխատանքահեն ուսուցման առանձնահատկություններին։ Աշխատաժողովին մասնակցեցին ծրագրի անդամ բուհերի՝ Գավառի պետական համալսարանի, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև ծրագիրը համակարգող բուհի՝ Լատվիայի Լիեպայա համալսարանի ներկայացուցիչները։ Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալ բուհի ռեկտոր Արթուրաս Ռազբադաուսկասը, նույն համալսարանի պրոֆեսոր, առողջապահական հետազոտությունների և նորարարությունների գիտական կենտրոնի ղեկավար Ալոնա Միքաելսոնը։ Ռուզաննա Հակոբյանը Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արթուրաս Ռազբադաուսկասին փոխանցեց ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարությունը՝ ուղղված միջազգային ակադեմիական հանրությանը, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների և նորմերի ոտնահարման, հայրենի բնօրրանում 120․000 հայերի կյանքի, առողջության պահպանման, կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտման, էթնիկ զտման վտանգի և ակադեմիական հանրության կողմից դրանց լուրջ արձագանքի, համապատասխան միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին։ Արթուրաս Ռազբադաուսկասը, Ռուզաննա Հակոբյանը և ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը քննարկեցին միջբուհական համագործակցության հնարավորությունները։
Օրակարգի համաձայն՝ ծրագրի համակարգող Պատրիկս Մորեվսը անդրադարձավ կատարված աշխատանքներին։ Այնուհետև բուհերի պատվիրակները ներկայացրին աշխատանքահեն ուսուցման վերաբերյալ ուսանողների և գործատուների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, քննարկվեցին համալսարաններում աշխատանքի վրա հիմնված կրթության հնարավորությունները։
Ծրագրի արդյունքների տարածմանը նվիրված նիստն անցկացվեց զուգակցված ձևաչափով, ինչը հնարավորություն ընձեռեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովային, բուհերի և արտաքին շահակիցների ներկայացուցիչներին հեռավար լսելու ուսանողների, դասախոսների և գործատուների հետ անցկացված հարցազրույցների տեսաձայնագրությունները, մասնակցելու քննարկմանը։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց ծրագրի կատարման արդյունքները՝ ըստ աշխատանքային փաթեթների, ուսումնական պլաններում կատարված բովանդակային փոփոխությունները, հենանիշային վերլուծության արդյունքում ներդրված մեթոդները։
Որպես աշխատանքահեն ուսուցման հաջողված փորձ՝ Կլայպեդայի համալսարանը ներկայացրեց ուսանողների և դասախոսների համատեղ գործնական աշխատանքը գիտատեխնոլոգիական պարկում, ծովային կենդանիների վերականգնողական և դելֆինաթերապիայի կենտրոններում։
Աշխատաժողովի ավարտին քննարկվեցին հետագա անելիքները։