ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՏԵՂԱՊԱՀ ՊԱՎԵԼ ՊԵՑՑԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց բարձրաստիճան հոգևոր սպասավորների, միանձնուհիների, Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից Հայաստան ժամանած ուխտագնացներին՝ Հռոմի պապի տեղապահ, կարդինալ Պավել Պեցցիի գլխավորությամբ։   ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և  շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ խաղաղասիրական նպատակներով ուխտագնացություն իրականացնելու, Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի բանաձևմամբ՝ «Այց առաջին քրիստոնեական երկիր» կատարելու համար։ Նա իր ելույթում  նշեց, որ անմոռաց էին 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում Հռոմի պապի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի և Տանն Կիլիկիո կաթողիկոս-պատրիարքի  հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ պատարագի մատուցումը, ինչպես նաև    հայ տաղանդաշատ հոգևորական, փիլիսոփա, գիտնական Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակելը։ Բարձր գնահատելով  Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագիրքը՝ Հռոմի պապն այն   բնութագրել է որպես մարդկության հոգևոր սահմանադրություն։ Ռեկտորը շեշտեց նաև, որ Գավառի պետական համալսարանը սերտ կապերի մեջ է Իտալիայի բուհերի՝ Պավիայի, Տուշցիայի, Հռոմի Սապիենզայի, Վենետիկի Կա Ֆոսկարի և այլ   համալսարանների հետ։ ԳՊՀ ուսանողներն իրենց կրթության մի մասն անցկացնում են Հռոմում, Իտալիայի այլ քաղաքներում, սովորում են նաև իտալերեն,  լինում են Վատիկանում  և վերադառնում անմոռաց տպավորություններով։ Իտալիայի համալսարաններում կարճաժամկետ դասախոսական աշխատանք են կատարում,  գիտաժողովների և սեմինարների են մասնակցում ԳՊՀ դասախոսները։

Անդրադառնալով Արցախում տիրող տագնապալի իրավիճակին՝ նա Եպիսկոպոսին փոխանցեց Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարությունը՝ Արցախում հումանիտար աղետի կանխման անհրաժեշտության վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նորին Գերազանցություն Պավել Պեցցին արժևորեց Գավառի պետական համալսարանի գործունեությունը  տարածաշրջանում, կարևորեց կրթության և գիտության դերն արդի ժամանակներում  և հույս հայտնեց, որ  մարդկությունը կընթանա Նարեկացու սահմանած համընդհանուր ու անպայմանական սիրո և համերաշխության ճանապարհով։

Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ռեկտորը Մոսկվայի և ողջ Լատինական կաթոլիկ արքեպիսկոպոսության Եպիսկոպոս, Ռուսաստանում Հռոմի Պապի տեղապահ, ԱՊՀ և Բալթյան երկրների Քրիստոնեական միջեկեղեցական կոմիտեի համանախագահ Պավել Պեցցիին շնորհեց Գավառի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ երիտասարդ սերնդի հոգևոր, մշակութային, բարոյական կրթության ու դաստիարակության, մարդասիրական արժեքների տարածման գործում ունեցած վաստակի և խաղաղասիրական առաքելության իրականացման համար։

ԳՊՀ շնորհակալագրեր ստացան Ռուսաստանում ուխտագնացության ծառայության ղեկավար, Վլադիմիր քաղաքի Կաթոլիկ եկեղեցու վանահայր Սերգեյ Ալեքսանդրի Զուեւը և լեհ միանձնուհի Կիսիել Իոլանտան՝ երիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակության ոլորտում ունեցած ներդրման համար։

Ռեկտորը հատուկ շնորհակալություն հայտնեց ԳՊՀ պատվավոր բարերար Գևորգ Վահան սարկավագ Գևորգյանին՝ համալսարանին մշտապես սատարելու և բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։

Հյուրերը եղան համալսարանի պատմագիտական թանգարանում, ծանոթացան բուհի գործունեությանը, դիտեցին ԳՊՀ-ի պատմությանը նվիրված ֆիլմ։

Նրանք աղոթք հնչեցրին առ Աստված հանուն բիբլիական երկրի և համայն աշխարհի խաղաղության ու համերաշխության՝ շարունակելով ուխտավորի իրենց ճանապարհը դեպի Նորատուսի եզակի  խաչքարադաշտ։

Հրապարակվել է 19.09.2023