ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ  ԳԻՏԵԼԻՔԻ  ԵՎ  ԴՊՐՈՒԹՅԱՆ  ՕՐԸ

Այսօր Գավառի պետական համալսարանում նշվեց գիտելիքի և դպրության օրը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բուհի ուսանողներին և դասախոսներին սեպտեմբերմեկյան տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով, շնորհավորեց առաջին կուրսեցիների համալսարանամուտը՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն խաղաղ պայմաններում և կոչ անելով որպես պատգամ միշտ հիշել Հայոց ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ ‹‹Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ››։

Հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթին՝ Գավառի պետական համալսարանի ռեկտորատը բարձր միավորներ վաստակած և անվճար հիմունքներով ԳՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին հանձնեց խորհրդանշական նվեր՝ «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակը բուհի հիմնադիր-ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է։

Ինչպես նախորդ տարիներին, 2023 թվականի սեպտեմբերի 1-ին նույնպես գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին ավարտական կուրսի գերազանց առաջադիմությամբ ուսանողներ Անահիտ Պողոսյանն ու Հայկ Մարգարյանը փոխանցեցին «Սերվիս» բաժնի առաջին կուրսի ուսանող Հենրիկ Սիրականյանին և «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ղարիբյանին՝  խորհուրդ տալով ջանասիրաբար սովորել և կերտել հուսալի ապագա։

«Դեպի գիտելիքների խորախորհուրդ աշխարհ տանող բանալիով կարելի է բացել  բոլոր դռները՝  հաջողության, բարեկեցության, երջանկության դռներից մինչև արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Բանալուն հմտորեն տիրապետելու համար հարկավոր է  ձգտել, սովորել և աշխատել»,-իրենց խոսքում նշեցին միջոցառման հաղորդավարներ Ռոզա Աբրահամյանն ու Արեգա Հովհաննիսյանը։

Գավառի պետական համալսարանի ուսանողի երդումը կարդաց «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Անի Մանուկյանը։

Առաջին զանգի հանդիսավոր արարողությունից հետո բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը նորընծա ուսանողներին մանրամասն ներկայացրին կրեդիտային սկզբունքով ուսումնառության առանձնահատկությունները և բուհի էլեկտրոնային ուսուցման համակարգը։

Բարի երթ  2023-2024 ուսումնական տարի։

 

Հրապարակվել է 01.09.2023