Գավառի պետական համալսարանում Ուսանողների միջազգային օրը նշանավորվեց բանասիրական ֆակուլտետի ուսանողների կազմակերպած՝ «Բարև, մենք ենք» խորագիրը կրող միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացան հայոց լեզվի և գրականության, անգլերեն լեզվի և գրականության բաժինների 1-ին կուրսերի ուսանողները, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ուսանողուհի, այժմ՝ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսում իր ուսումը շարունակող Աննա Լազարյանը։
Միջոցառումը վարում էին նույն ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Թագուհի Պետրոսյանն ու անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Սմբաթյանը: Ընդգծելով օրվա խորհուրդը՝ նրանք շնորհավորեցին ԳՊՀ ուսանողներին՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթելով սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ՝ հանուն հայրենիքի խաղաղ ու լուսավոր ապագայի:
Բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսեցիները, ներկայացնելով իրենց նախասիրությունները, ձեռքբերումները, բանասերի մասնագիտության կարևորությունը, կիսվեցին նաև բուհի մասին իրենց տպավորություններով:
Հայրենի Արցախի և այնտեղ իր ուսումնառության մասին հոգեցունց խոսքերով ներկայացավ Աննա Լազարյանը:
Միջոցառումն ուղեկցվեց հետաքրքիր սահիկաշարով, գեղեցիկ ասմունքով, բեմականացմամբ, երգային ու պարային կատարումներով:
Կարևորելով պետության զարգացման գործում խելացի, ազնիվ, արդարամիտ ու հայրենասեր երիտասարդների դերը՝ ուսանողները հնչեցրին «Սովորենք, որ հաղթենք» կարգախոսը՝ որպես ձեռքբերումների ու հաղթանակների ուղենիշ:
Ամփոփելով միջոցառումը՝ ուսանողներին ջերմորեն շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Թաթուլ Ասոյանը, Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Մարտին Ավագյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, բանասիրական ֆակուլտետի փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը: