ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՈԳՈՒՍ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողների նախաձեռնությամբ կայացավ «Հայրենիքը հոգուս մեջ» խորագիրը կրող ցերեկույթ։

Միջացառման ընթացքում ուսանողները ներկայացրին Գարեգին Նժդեհի գործունեությունը, անցած հերոսական և փառավոր ուղին։ Շեշտեցին, որ նա մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսը, քաղաքական գործիչը, առաջնորդն ու փիլիսոփան:

Վերլուծվեց և ներկայացվեց նժդեհյան պատկերացմամբ հայ կնոջ, առյուծածին մոր կերպարը․ «Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիներն ավելորդ կդարձնեն Հայաստանը պաշտպանող արհեստական ամրությունները»:

Միջոցառումն ուղեցվեց  հայրենասիրական ոգեշունչ խոսքերով, ասույթներով, երգերով և տեսանյութերով: Ցերեկույթը հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր, ոգեկոչման գեղեցիկ արարողություն՝ կազմակերպված ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի նախաձեռնությամբ։

Ցերեկույթին ներկա էին հյուրեր՝ ԳՊՀ պատվավոր բարերար բարեշնորհ Գևորգ-Վահան սարկավագ Գևորգյանը, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի  գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսյա Հարությունյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ, ֆուտբոլիստ Նարեկ Սարգսյանը, որոնք ԳՊՀ գրադարանին նվիրեցին գրքեր։

Միջոցառմանը մասնակցեցին Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Բալասան Սաքեյանի ուղեկցությամբ:

Հրապարակվել է 25.12.2023