ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՌԱՔԵԼ ՊԱԼԱՑԻՈՅԻ «ՀՐԱՇՔԸ»

«Թեպետ բարի խոսքերի գինը մեծ չէ, բայց նրանց արած գործն է մեծ»:

Ռաքել Պալացիո «Հրաշքը»

Ս թ մարտի 26-ին Գավառի պետական համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանի նախաձեռնությամբ կայացավ Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպի քննարկում։

Քննարկմանը մասնակցում էին ԳՊՀ ուսանողներ և դասախոսներ։

Վեպը ներկայացրին բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Բաղդասարյանը, Մարիամ Խեքոյանը, Լուիզա Ապկարյանը։

«Հրաշքը» հեղինակի առաջին վեպն է։ Ավելի քան քսան տարի նա աշխատել է Նյու Յորքում՝ որպես խմբագրության ղեկավար, գեղարվեստական խմբագիր և նկարիչ-ձևավորող։ Պալացիոն, վեպը գրելիս, ոգեշնչվել է Նատալի Մերչանթի «Հրաշք» երգից։

«Հրաշքը» վեպն արժանացել է բազմաթիվ ազգային ու միջազգային մրցանակների,  իսկ 2017 թվականին վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել։

Քննարկման սկզբում ներածական խոսքով հանդես եկավ գրադարանավարուհի Ալվարդ Թոռչյանը, որից հետո ուսանողուհիներն անդրադարձան գրողի նկարագրած իրադարձություններին, վեպի հիմնական գաղափարներին, վերլուծեցին գրքից  մեջբերումներ, կատարեցին կերպարների համադրումներ և համեմատություններ, շեշտեցին գրքի արդիականությունը՝ նշելով, որ կյանքը մարդուն բազում փորձությունների է ենթարկում և հաջողում է նա, ով կամքի ուժ ու կորով է գտնում իր մեջ՝ պատվով դուրս գալու բարդ իրավիճակներից։

«Հրաշքը» վեպը  ապրումակցման, ըմբռնումի ու բարության յուրօրինակ դաս է:

Քննարկմանը զուգահեռ ցուցադրվում էին «Հրաշքը» ֆիլմից դրվագներ։

Գրքի քննարկումն ամփոփեցին հումանիտար մասնագիտություններ ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանն ու ԳՊՀ դասախոս, հոգեբան Արմինե Դավթյանը։

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՌՑԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ս․ թ․ մարտի 25-ին ավարտվեց Գավառի պետական համալսարանի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացը՝ միտված մասնակիցների համակարգչային հմտությունների բարելավմանը։

Դասընթացը վարեց բուհի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը, մասնակցեցին ԳՊՀ ուսանողներ և դասախոսներ, ասպիրանտներ ու շրջանավարտներ, դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև այլ ուսումնական հաստատությունների աշխատակիցներ։

Մասնակիցները վերապատրաստման դասընթացի արդյունքում տիրապետեցին ամպային տեխնոլոգիաների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործիքներին, համացանցային անվտանգության ժամանակակից եղանակներին, սովորեցին նաև պատրաստել շնորհանդեսներ ու տեսադասեր, կազմակերպել և անցկացնել վեբինարներ, ուղիղ եթերներ։

Դասընթացն օգտակար էր տեղեկատվական և հաղորդակցական արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին տիրապետելու և կրթական գործընթացում կիրառելու տեսանկյունից:

‹‹ԳՊՀ-ԼՈՒՍԻՆ ՄՈԲԱՅԼ›› ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐԻՆԱԿ

Սթ մարտի 24-ից 25-ը Դոնի պետական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց միջազգային առցանց կոնֆերանս՝ «Համալսարանների դերը կայուն զարգացման նպատակների իրականացման գործում» խորագրով։

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին Դոնի պետական համալսարանի ռեկտոր Բեսարիոն Մեսխին, Պորտուգալիայի Պորտոյի պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Խոսե Կարլոս Կուադրադոն, Ղազախստանի Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Գաինի Մուխանովան և Դոնի պետական համալսարանի ակադեմիական հարցերի և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Սվետլանա Պոնոմարյովան։

Գավառի պետական համալսարանից կոնֆերանսին մասնակցեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը։ Ելույթով հանդես եկավ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, ով ներկայացրեց Գավառի պետական համալսարանի և «Լուսին մոբայլ» ընկերության միջև ցանցային համագործակցության արդյունավետ փորձը, որը միջազգային կոնֆերանսում քննարկվեց որպես գործակցության հաջողված օրինակ։

Կոնֆերանսի շրջանակում կազմակերպվեցին կլոր սեղաններ՝ հետևյալ թեմաներով միջին մասնագիտական  և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ցանցային համագործակցությունը, ճարտարագիտական կրթության դերը նոր տիպի տնտեսության մեջ, միջազգային ծրագրերի իրականացման փորձը, համալսարանների և ձեռնարկությունների միջև համագործակցության ռազմավարություն․ աշխատանքահեն ուսուցման համակարգի զարգացումը։

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

2021  թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում Գավառի պետական համալսարանից հաղթող են  ճանաչվել երեք գերազանցիկ ուսանողներ՝ զբաղեցնելով երկու առաջին տեղ և  2-րդ տեղ։

Ս․ թ․ մարտի 24-ին ԳՊՀ գիտական խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը պատվոգրեր հանձնեց բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Դեղոյանին՝ բակալավրի կրթական ծրագրով 1-ին տեղ զբացեղնելու համար, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Վահե Գոզեյանին՝ մագիստրոսի կրթական ծրագրով 2-րդ տեղ զբացեղնելու համար։

Պատվոգրի արժանացավ նաև բնագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Կարեն Մաստոյանը՝ մագիստրոսի կրթական ծրագրով  1-ին տեղ զբացեղնելու համար։

Կրկին շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանողներին և մաղթում հաջողություններ բոլոր ոլորտներում։

 

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ս․ թ․ մարտի 24-ին ԳՊՀ գիտական խորհուրդը գումարեց իր  հերթական նիստը։

Նիստի օրակարգի համաձայն բանասիրական  ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը ներկայացրեց ամբիոնի 2020-2021 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունն ու 2021-2022 ուստարվա զարգացման   հիմնական ուղղությունները։

«Գավառի պետական համալսարանում հեռավար  (առցանց)  կրթության կազմակերպման կարգ»-ի փոփոխությունների, ինչպես նաև համալսարանի ենթակառուցվածքային հավատարմագրման փորձագիտական զեկույցի բարելավման գործողությունների մասին զեկուցեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր  Նելլի Կուտուզյանը։

Օրակարգային հարցերը սպառելուց հետո քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

 

ԿԱՅԱՑԱՎ ԲԱՑ ԴԱՍ՝  ‹‹ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ‹‹ԱՇՆԱՆ ԱՐԵՎ›› ՎԻՊԱԿՈՒՄ›› ԹԵՄԱՅՈՎ

Ս․ թ․ մարտի 24-ին Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դաս՝ «Կնոջ կերպարը Հրանտ Մաթևոսյանի ‹‹Աշնան արև›› վիպակում» թեմայով։ Դասը վարում էին ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթևոսյանագետ Վաչագան Գրիգորյանը և հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Բադոյանը։

Բաց դասին ներկա էին ԳՊՀ դասախոսներ և ուսանողներ, իսկ առցանց եղանակով  դասին միացել էին Նորատուսի թիվ 1, 2, 3  միջնակարգ դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ։ Բաց դասի նպատակն էր ներկայացնել «Աշնան արև» վիպակում Հրանտ Մաթևոսյանի վարպետորեն կերտած կնոջ կերպարը՝ իր բազմապիսի դրսևորումներով։

Դասի սկզբում ներածական խոսքով հանդես եկավ Վաչագան Գրիգորյանը՝ ներկայացնելով Մաթևոսյանի՝ գրականություն ներմուծած հայացքները, տեսակետները, վիպակի յուրահատկությունները, որից հետո Արփինե Բադոյանը ներկայացրեց վիպակում տեղ գտած կանանց կերպարները։

Անդրադարձ կատարվեց Աղունի և նրա սկեսրոջ՝ Արուսի կերպարներին, ինչպես նաև հայ կնոջ դերին՝ հայկական ավանդական ընտանիքում, զուգահեռներ անցկացնելով հայ և արտասահմանյան գրականության մեջ եղած կանանց կերպարների հետ։

Համեմատություն անցկացվեց նաև Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հերոսուհի Աղունի և ամերիկացի գրող Թոմաս Վուլֆի «Երկրի ոստայնը» վիպակի հերոսուհի Էլազիայի միջև՝ որպես կին և մայր։

Բաց դասին զուգահեռ ցուցադրվում էին «Աշնան արև» ֆիլմից դրվագներ։

Դասի եզրափակիչ մասում հնչեցին հարցեր, և ծավալվեց ակտիվ քննարկում։

Բաց դասն ամփոփեց  պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը։

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՅՐԵՆԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ

Ս․ թ․ մարտի 16-ին կայացավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի կողմից համատեղ կազմակերպված, Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային առցանց համաժողովի երկրորդ մասը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ‹‹Հայկաշխարհ-Armlands.com›› արևմտահայերեն ուսուցողական կայքի հիմնադիր խմբագիր Նայիրի Մկրտիչեանը, ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը, ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը։

Իր ներածական խոսքում Վիկտոր Կատվալյանն անդրադարձավ «Մշակ» թերթի 150-ամյա գործունեությանը և գլխավոր խմբագիր Գրիգոր Արծրունու՝ մայրենի լեզվի հարցերի վերաբերյալ դիտարկումներին։ Որպես հրավիրյալ բանախոս՝ ուշագրավ ելույթ ունեցավ տիկին Նայիրի Մկրտիչեանը, ապա մասնագիտական թեմաներով զեկուցումներ ներկայացրին  Շուշիի տեխնոլոգիական համալսարանից Լիանա Սանթրյանը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից Լալա Գրքիկյանը, Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ստելլա Շահինյանը, Զառա Պետրոսյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Հովհաննիսյանը:

Գիտաժողովի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկան Վիկտոր Կատվալյանը, Ռուզաննա Հակոբյանը և Թաթուլ Ասոյանը՝ կարևորելով մայրենի լեզվի հիմնախնդիրներին նվիրված գիտական ուսումնասիրությունների կատարումը և հատկապես ուսանողների ընդգրկվածությունն այդ հարցում։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Ս․ թ․ մարտի 19-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ֆիզիկայի լաբորանտ, ԳՊՀ  շրջանավարտ Սիրուն Մարկոսյանի ղեկավարությամբ։

Հյուրերին ողջունեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը։

Աշակերտները ԳՊՀ բնագիտության լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ իրականացրին որոշ փորձեր․ «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի», ինչպես նաև գործնական աշխատանքի միջոցով որոշեցին դադարի, սահքի և գլորման շփման ուժերը, ուսումնասիրեցին Մաքսվելի թափանիվի աշխատանքը։

Աշակերտները եղան նաև բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմահնագիտական թանգարանում։

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ  ԱԼՖՐԵԴ ՄԱՐՇԱԼԻ ԾՆՆԴՅԱՆ 180-ԱՄՅԱԿԻՆ

Ս․ թ․ մարտի 18-ին Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ, դասախոսներ Ռուզաննա Ասատրյանի և Աստղիկ Ավետիսյանի աջակցությամբ տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ նվիրված անգլիացի տնտեսագետ Ալֆրեդ Մարշալի ծննդյան 180-ամյակին:

Գիտաժողովին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներ՝ դասախոս, ԳՊՀ շրջանավարտ Վարդան Գարեյանի ղեկավարությամբ։

Ուսանողները նախ ներկայացրին անվանի տնտեսագետի կյանքը, գործունեությունը, տնտեսագիտության մեջ ունեցած ներդրումը:

Գիտաժողովի ընթացքում բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ հետաքրքիր ու բովանդակալից շնորհանդեսների միջոցով հանդես եկան վերլուծական զեկուցումներով, որոնք վերաբերում էին համայնքների խոշորացմանը, գործարար միջավայրին, արտաքին առևտրին, հանքարդյունաբերությանը, արդի պայմաններում ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ներդրումների և արտահանումների հիմնահարցերին։

Զեկուցումների հիմնական դրույթների վերաբերյալ հարցադրումներին ուսանողները  պատասխանեցին  լրացուցիչ պարզաբանումներով։

Գիտաժողովն ամփոփեցին տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, փոխդեկան Մարիամ Հերգնյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, դասախոսներ Վալերի Առաքելյանը, Աստղիկ Հովեյանը։ Վերջիններս փաստեցին, որ այն ծառայել է իր նպատակին՝ նպաստելով ուսանողների հետազոտական կարողությունների և վերլուծական մտքի զարգացմանը։

Գիտաժողովը եզրափակեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով կարևորեց ուսանողների հետազոտական աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և մաղթեց հետագա հաջողություններ։

ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ  ‹‹ԱՆԵԾՔ-ՕՐՀՆԱՆՔԻՆ›› ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ 

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ  «Անեծք-օրհնանքի դրսևորումները ժողովրդական երգ-խաղիկներում, հայրեններում և անտունիներում» թեմայով բաց դաս, որը վարում էին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լուսինե Ղռեջյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Դադոյանը։

Բաց դասին մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանը, Հայոց լեզվի և գրականության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի  ուսանողներ։

Առցանց եղանակով բաց դասին միացել էին Գավառի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Հայկանուշ Հակոբյանը։

Բաց դասի նպատակն էր ներկայացնել հայ բանահյուսական հինավուրց ժանրերի՝ ժողովրդական երգերի և անեծքների բազմաբնույթ առնչությունները։

Դասի սկզբում  ներածական խոսքով հանդես եկավ Լուսինե Ղռեջյանը՝ ներկայացնելով անեծք-օրհնանքների, երդումների ժողովրդական ըմբռնումները, անդրադարձավ ժողովրդական երգերի տիպաբանական խմբերին՝ հայրեններին, անտունիներին և խաղիկներին, այնուհետ խոսքը փոխանցվեց մագիստրոս Լիլիթ Դադոյանին, ով շնորհանդեսի միջոցով ներկայացրեց այդ ժանրերի դրսևորումներն ու փոխառնչությունները։ Լիլիթ Դադոյանն անդրադարձավ նաև իր մագիստրոսական թեզին՝ «Ժողովրդական խոսքի բանաձևային կառույցները հայկական ժողովրդական երգերում» թեմայով։

Խնդրո առարկան հետաքրքրեց ներկաներին, հնչեցին հարցեր, և ծավալվեց ակտիվ քննարկում։

Բաց դասն ամփոփեց ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը։