ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր, ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

Այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցներում ավարտական դասարանների աշակերտների համար հնչեցին վերջին զանգի ղողանջները՝ ազդարարելով նոր կյանքի մեկնարկ։
Դպրոցական դասերի և դասամիջոցների, գրավոր աշխատանքների, տարբեր առարկաներից հանձնարարությունների ու քննությունների հետաքրքիր ուղին այսօր ավարտվում է։
Սիրելի՛ շրջանավարտներ, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, ուսուցիչներին, դասընկերներին և հաստատակամ քայլելու եք ձեր ընտրած ճանապարհով՝ լի երազանքներով ու նպատակներով։
Վստահ ենք, որ անցած տարիների ընթացքում կարողացել եք կուտակել անհրաժեշտ գիտելիքներ, նպատակասլացություն, կամք և ձեր ներդրումն եք ունենալու մեր հայրենիքի շենացման գործում՝ դառնալով մեր նոր հաղթանակների արարողն ու կրողը:
Միաժամանակ, շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին և ուսուցիչներին՝ սիրո և նվիրումի, կատարած աշխատանքի համար:
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է շրջանավարտներին վերջին զանգի գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով լուսավոր ապագա, հաջողություններ, բոլոր նպատակների իրականացում։

ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍԸ՝  ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՎՈՐԱՅԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս Հասմիկ Մարգարյանը մեկշաբաթյա վերապատրաստման դասընթաց անցավ Պորտուգալիայի Հանրապետության Էվորայի համալսարանում:

ԳՊՀ դասախոսը տեղեկատվական հանդիպում ունեցավ բուհի Տեխնիկական և վարչական աջակցության բաժնի ղեկավար Քրիստինա Սիմոյինսի հետ, ապա ճանաչողական այց կատարեց համալսարանում, ծանոթացավ բուհի ենթակառուցվածքներին, գրադարանում առկա մասնագիտական գրականությանը:

ԳՊՀ դասախոսը փորձի փոխանակման նպատակով անհատական հանդիպում-քննարկումներ ունեցավ Էվորայի համալսարանի տնտեսագիտության, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության և զբոսաշրջության ֆակուլտետներում դասավանոդող մասնագետների հետ: Ծանոթացավ Մուդլ (Moodle) էլեկտրոնային հարթակին, որը կիրառվում էր դասախոսների և ուսանողների կողմից՝ առցանց դասընթացների նյութերը հասանելի դարձնելու, տնային առաջադրանքները, թեստերը հանձնելու և ստուգելու նպատակով:

Հասմիկ Մարգարյանը նշեց, որ Գավառի պետական համալսարանի իրականացրած ծրագրերը հնարավորություն են եվրոպական բուհերի կրթական գործընթացն ուսումնասիրելու և նրանց լավագույն փորձը Գավառի պետական համալսարանում կիրառելու համար։

ԿԱՅԱՑԱՎ  «ԹՎԱՅԻՆ  ՔԱՂԱՔԱՑԻ  ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ»  ԴԱՍԸՆԹԱՑԻ  ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ «Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» դասընթացի փակման արարողությունը: ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, դասընթացավար Ստելլա Շահինյանն ու նախագծի ղեկավար Արթուր Զաքարէ Հարությունյանը հավաստագրեր հանձնեցին դասընթացի մասնակիցներին:

Տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին դասընթացի վերաբերյալ տպավորություններով և առաջարկություններով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան նոր գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիանների և սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու վերաբերյալ, ձեռք բերեցին փաստերի ստուգման հիմնարար հմտություններ, ինչպես նաև բարելավեցին վերլուծական և քննադատական մտածողությունը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի 2022 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կանցկացվեն համալսարանում՝ առկա ձևաչափով։

Դասերը կմեկնարկեն 2022թ. հունիսի 8-ին և կավարտվեն հունիսի 26-ին:

Քննաշրջանը կկազմակերպվի ս․ թ․ սեպտեմբեր ամսից։

Ստուգարքների հանձնման ժամկետն է 2022թ․ սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 18-ը՝ ներառյալ, քննությունների հանձնման ժամկետն է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի  9-ը՝ ներառյալ, բաց դռների օրերն են՝ հոկտեմբերի 12-ը և 13-ը, առաջին լուծարային շրջանի հանձնման ժամկետն է հոկտեմբերի 19-ից հոկտեմբերի 30-ը` ներառյալ, երկրորդ լուծարային շրջանը կկազմակերպվի նոյեմբերի 2-ից նոյեմբերի 13-ը` ներառյալ:

Խնդրում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի արական սեռի բոլոր այն ուսանողներին, ովքեր զորակոչվելու են զինվորական ծառայության, զորակոչի ծանուցագիր ստանալիս՝ ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել համալսարան` տարկետում ստանալու նպատակով:

Տեղեկացնում ենք, որ դասերին մասնակցելը պարտադիր է։

Անհարգելի բացակայության դեպքում ուսանողը կհեռացվի համալսարանից:

Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։

COMPETENCIES FOR TRANSCULTURAL ACADEMIC ENVIRONMENTS

Linnaeus University International Staff Training Week

We welcome participation from both faculty and staff for an opportunity to learn and share about competences required for working in intercultural environments within higher education. Staff training and  professional development takes place through various workshops and through job-shadowing colleagues at Linnaeus University and networking with all participants. In addition, you will be able to explore the campuses of Kalmar and Växjö with region.

Please follow this link for a brief introduction to the week, a preliminary programme, and an application form.

Do note that the we will need the applications by May 30th. The International Staff Week will accept a limited amount of participants and will prioritize by ensuring a wide spread of partners, regions, and professions.

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ս․ թ․ մայիսի 27-ին կայացավ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգի համաձայն՝ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գավառի պետական համալսարանի 2022-2027 թվականների զարգացման հայեցակարգը։ Նա անդրադարձավ բուհի գործունեության հետևյալ գերակա ուղղություններին՝ կրթական, դաստիարակչական, գիտահետազոտական, նորարարական, կառավարչական, ֆինանսատնտեսական, ռեսուրսային ապահովման, հանրային պատասխանատվության, արտաքին կապերի ընդլայնման և միջազգայնացման, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման։ ԳՊՀ զարգացման հայեցակարգային դրույթների քննարկումից հետո բուհի որակի ապահովման բաժնի վարիչի պաշտոնակատար Քանաքարա Հայրապետյանը գիտական խորհրդին ներկայացրեց գործատուների կողմից   ԳՊՀ շրջանավարտների   մասնագիտական  գիտելիքների և կարողությունների   գնահատման արդյունքները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում անցկացված հարցումների  վերլուծությունը։ Քննարկվեցին գործատուների և մարզի դպրոցների հետ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանի և նույն ամբիոնի դասախոս Սիրանուշ Մուրադյանի նախաձեռնությամբ, անգլերեն լեզվի և գրականության բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ճանապարհորդություն եվրոպական երկրներով» խորագիրը կրող ցերեկույթը:

Ուսանողներն ինքնատիպ շրջագայություն կատարեցին եվրոպական  երկրներով,  բովանդակալից շնորհանդեսների միջոցով անգլերենով հետաքրքիր փաստեր ներկայացրին Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և Շվեդիայի  մշակույթի, սովորույթների ու ավանդույթների մասին՝ յուրաքանչյուր երկիր ներկայացնելով իր ազգային երաժշտության ներքո:

Միջոցառման ընթացքում իսպանական ֆլամենկո պարային կատարմամբ հանդես եկան «Արևների աշխարհ» կենտրոնի սաները: Այնուհետ ուսանողներն անցկացրին հարցում՝ նշված երկրներին առնչվող փաստերի մասին, և մրցանակ ստացավ ներկաներից ամենաակտիվը:

Միջոցառումն ամփոփեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, բանասիրական ֆակուլտետի փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Սիրանուշ Խանդանյանը, դասախոսներ Սիրանուշ Մուրադյանը, Անիկ Բալագոզյանը, ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ուսանողներին գեղեցիկ միջացառման համար և նշեցին մասնակիցների՝ անգլերենով սահուն և անկաշկանդ հաղորդակցվելու կարողությունը:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏՈՆԸ

20-րդ դարի սկիզբը հագեցած էր հայ ժողովրդի ճակատագրին առնչվող պատմաքաղաքական բախտորոշ իրադարձություններով՝ Առաջին համաշխարհային պատերազմ, Մեծ եղեռն, ռուսական երկու հեղափոխություններ, Անդրկովկասի անկախացում, Մայիսյան հերոսամարտեր։ Միմյանց հաջորդող իրադարձությունների հորձանուտում Արևելյան Հայաստանում ապաստանած հայ ժողովրդին, հայրենիքի պաշտպանության և պահպանության կարևորությունից ելնելով,  անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի  բզկտվող քարտեզի վրա՝ հակառակ դեպքում Հայոց հայրենիքը բաժան-բաժան կլիներ հարևան ոչ բարյացակամ երկրների միջև։

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ ազդարարվեց Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը: Հայ ժողովուրդը կարողացավ 977 տարի անց վերականգնել իր անկախությունը։

Այսպիսով, եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի անկախության հռչակումը ոչ միայն պատմական  անհրաժեշտություն էր, այլև միակ նախընտրելի ուղին, քանի որ  1918 թվականի մայիսին օրակարգում դրված էր հայ ժողովրդի լինել-չինելու, իր հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում ապրելու, գոյատևելու խնդիրը։ Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրրը և հռչակեց իր անկախությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսի 28-ի տոնը՝ Հանրապետության օրը։

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Արցախի պետական համալսարանի կազմակերպած՝ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների 13 ուսանողներ: ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ուսանողներին հանձնեց Արցախի պետական համալսարանի շնորհած հավաստագրերը:

Ներկաները նախ գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում անմահացած հայորդիների հիշատակը:

Տիկին Հակոբյանը նշեց, որ հանուն հայրենիքի կենաց-մահու պայքարի ելած և մինչև պատերազմի ավարտը անձնազոհաբար մարտնչած Վահագն Ռուբենի Սեյրանյանի դուստրը՝ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Վահագնի Սեյրանյանը մասնակցել է Արցախի պետական համալսարանում կայացած գիտաժողովին և պատվով ներկայացրել է բուհը։ Ռեկտորը կարևորեց նաև ԳՊՀ ուսանողների մասնակցությունը Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի կազմակերպած «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովին և խրախուսեց ուսանողներին՝ հետայսու ևս լավ սովորել, ակտիվորեն մասնակցել գիտաժողովներին, կայանալ որպես որակյալ մասնագետներ և նվիրումով ծառայել հայրենիքին՝ հավատարիմ մնալով հերոսների պատգամներին։

ԿԱՅԱՑԱՎ  ՀԱՅՈՑ  ԼԵԶՎԻ  ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ  ՆՎԻՐՎԱԾ   ԳՊՀ ՀԵՐԹԱԿԱՆ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի նախաձեռնությամբ կայացավ հայոց լեզվի հիմնախնդիրներին նվիրված հերթական վերապատրաստման դասընթացը, որն անցկացվեց առցանց ձևաչափով։

«Շարահյուսագիտության արդի խնդիրները» թեման ներկայացրեց ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեոնիդ  Թելյանը: Նա խոսեց հայերենի շարահյուսական համակարգի խնդրահարույց իրողությունների մասին, անդրադարձավ շարահյուսագիտության արդի հիմնախնդիրներին:

«Արևմտահայերենի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրները» թեման ներկայացրեց նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Անի Ֆիշենկջյանը: Բանախոսության  ընթացքում նա անդրադարձավ արևմտահայերենի հիմնախնդիրներին, արևմտահայերենի պահպանման, ուսումնասիրության, ուսուցման հետ կապված աշխատանքներին:

Դասընթացին մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։ Մասնակիցները բանախոսներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան բովանդակալից պատասխաններ, ծավալվեց ուսանելի քննարկում։