ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼՅԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում դասախոսական աշխատանք   կատարեց ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը։  

ԳՊՀ դասախոսը հանդես եկավ դասախոսություններով, որոնք վերաբերում էին ակադեմիական անգլերենում տեքստերի վերաշարադրման  տեխնիկային ու ձևերին։

Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին դասընթացին և ավարտին նշեցին, որ դասընթացը կարևոր ու օգտակար էր իրենց համար։

Համալսարանում ծրագրի պատասխանատու Չանթինգ Յուանը  ԳՊՀ դասախոսին ծանոթացրեց ֆակուլտետի կառուցվածքին ու բաժիններին։ Քննարկվեցին առարկայական ծրագրերի առանձնահատկությունները, դասավանդման և ուսումնառության, սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման մեթոդները։

Սոնա Սիմոնյանը նշեց, որ այցը կարևոր էր իր համար, քանի որ ձեռք բերեց արժեքավոր փորձառություն, ծանոթացավ Վալյադոլիդի համալսարանի անգլերենի կրթական ծրագրին, դասավանդվող նույնանման առարկաների բովանդակությանը և մեթոդիկային, ինչպես նաև հստակեցրեց իսպանացի գործընկերների հետ համագործակցելու  հնարավորությունները։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանը տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում է Պորտուգալիայի Հանրապետության Մինհոյի համալսարանի հետ։ Մինհոյի համալսարանում դասախոսական աշխատանք կատարեց ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը։  

Բանասիրական ֆակուլտետի սլավիստիկայի  բաժնի ուսանողների համար տիկին Միրիբյանը հանդես եկավ հետաքրքիր դասախոսություններով, ներկայացրեց հայկական ժողովրդական ավանդույթները, մասնավորապես Զատկի տոնակատարությունը և հարսանյաց արարողությունները՝ համեմատություն անցկացնելով պորտուգալական համանման ավանդույթների հետ։

Մինհոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասապրոցեսի առանձնահատկություններին, դասավանդման մեթոդներին ծանոթանալու նպատակով ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչը ներկա գտնվեց սլավիստիկայի  բաժնի դասախոսների անցկացրած դասերին, կայացած աշխատաժողովին։

Գայանե Միրիբյանը նշեց, որ  արտասահմանում դասախոսական աշխատանքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու համագործակից եվրոպական բուհերի կրթական գործընթացին, ուսումնասիրելու նրանց լավագույն փորձը և կիրառելու Գավառի պետական համալսարանում։

ԿԱՅԱՑԱՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԳԻՏՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  (FAST)  «SCINOVA»  ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ  ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑԸ

 Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս,  տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «SciNova» ակադեմիական ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի նպատակն էր նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտական նորարարությունների առևտրայնացման գործընթացին։ Ծրագրի համաձայն՝ ներկայացվեցին գիտական նորարարությունների առևտրայնացման դերն ու նշանակությունը տնտեսության զարգացման  գործում։ Անդրադարձ կատարվեց գյուտերի և տեխնոլոգիաների առևտրայնացման միջազգային փորձին։ Քննարկվեցին տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը և նորարարական մեկնարկային (startup) գաղափարների հետազոտման փուլերը: Հանգամանորեն ներկայացվեցին մտավոր սեփականության իրավունքի գրանցման և պահպանման կառուցակարգերը Հայաստանի Հանրապետությունում, գիտական նորարարությունների առևտրայնացման համար անհրաժեշտ շուկայի և հնարավոր շահառուների ուսումնասիրության փուլերը, ներդրողների համար ներկայացման (pitching) նախապատրաստման առանձնահատկությունները և այլ հարցեր։

 

 

ԿԱՅԱՑԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ս․ թ․ մայիսի 7-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի  հերոսների անվան լսարանի բացումը: Լսարանն անվանակոչվեց ի պատիվ Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների՝ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՔԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԳԵՂԱՅՐԻ ԱՂԵԿՅԱՆԻ, ԱՐՏՅՈՄ ՎԻԳԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ԻՎԱՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԻ, ԶԱՐԶԱՆԴ ՆԵՐՍԻԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ՄԱՆՎԵԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՆՎԵՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՅՈՒՐԱ ԱՐՏՅՈՄԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ, ՌՈՒԲԵՆ ԱՇՈՏԻ ՊՐԱԶՅԱՆԻ, ՎԱՀԱԳՆ ՌՈՒԲԵՆԻ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ։

Բացման արարողությանը ներկա էին անմահացած զինծառայողների ծնողները, հարազատները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի  առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, ուսանողներ:

Բացմանը խոսքով հանդես եկավ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ ԳՊՀ ռեկտորը նշեց, որ լսարանը այսուհետ  մի սրբավայր է, որտեղ տեղադրված են լուսեղեն հերոս տղաների՝ համալսարանի  ուսանողների և  ուսանողի ծնողի՝ Վահրամ Սեյրանյանի անձնական իրերը, լուսանկարները, պարգևները, հուշ-նվերները, Արցախից բերված հող և բազմապիսի այլ մասունքներ։ Տիկին Հակոբյանն իր խոսքում նշեց, որ մեր ուսանողները մաքառեցին հանուն հայրենիքի և անմահացան՝ սերունդներին թողնելով պայքարելու և արարելու պատգամը։

ԳՊՀ ռեկտորն այնուհետ խոսքը փոխանցեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանին, ով   օրհնության կարգից հետո ոգեկոչման խոսքերով դիմեց հերոսների ծնողներին ու հարազատներին։

Միջոցառմանը խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․ «Գավառի պետական համալսարանի մեր հերոսները պարտքի գերագույն գիտակցումով էին մեկնել զինվորական ծառայության և անսասան կանգնած էին հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մեր քաջերը դա ապացուցեցին իրենց հերոսական մաքառմամբ, անձնազոհությամբ ու աննկուն կամքով։ Գավառի պետական համալսարանի պատմությունը հարստացավ փառքի անջնջելի էջերով, հերոսության այնպիսի դասերով, որոնք միշտ սերտելու են այս հաստատությունում սովորող սերունդները։ Մեր քաջերի անունները, նրանց գործած սխրանքները երբեք չեն մոռացվի ոչ միայն այս պատերի ներսում, այլև մեր ամեն մի քաղաքում ու շենում, մեր հոգիներում, դասագրքերում, ամենուրեք»։

Խոսքով հանդես եկավ նաև Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ ԳՊՀ ուսանողներ Անահիտ Շահինյանն ու Լիաննա Օհանյանը ներկայացրին հերոսների անցած ճանապարհը: Ցուցադրվեցին հերոսների մասին պատմող տեսաֆիլմեր: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, հիշատակի, նվիրումի և ոգեկոչման խոսքեր։

Միջոցառումն ամփոփվեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանի, հայոց պատմության դասախոս Քանաքարա Հայրապետյանի, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Սիրանուշ Խանդանյանի դեպի ծնողներն ուղղված խոնարհման և շնորհակալության խոսքերով։

Արցախյան պատերազմի անմահ հերոսները հայրենասիրության անմոռանալի դաս տվեցին մեզ՝ ապրողներիս։ Նրանք ապացուցեցին, որ Հայրենիքը վեր է ամեն ինչից, որ հայրենասիրությունը հանուն Հայրենիքի և մայր ժողովրդի՝ ոչինչ չխնայելն է, մատաղ կյանքը վասն հայրենյաց զոհաբերելն է։ Հերոսները սերունդներին   ազգօգուտ գործունեության պատգամը թողեցին։

Հավերժ փառք  բոլոր հերոսներին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՅՈՑ  ԼԵԶՎԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑԻ  ՄԱՍԻՆ

Հարգելի՛ համալսարանականներ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ, բարբառագիտության և լեզվաբանության տարբեր հարցերով հետաքրքրվող անձինք, հայտնում ենք ձեզ, որ Գավառի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի համագործակցության ծրագրերի շրջանակում կանցկացվի հայոց լեզվի հիմնախնդիրներին նվիրված առցանց, անվճար դասընթաց, որը կվարեն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը և նույն ինստիտուտի գիտաշխատողները: Սիրով սիրով հրավիրում ենք ձեզ՝  մասնակցելու դասընթացին։  Ծրագրի համակարգողներն են բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը: Կից ներկայացնում ենք դասընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։

 

 

 

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 

Հ/հ

 

 

Թեմա

Ժամաքա

նակը

/10 ակադե

Միա

կան ժամ/

Անցկացման օրը, ժամը, վիրտուալ լսարանի  հղումը, մուտքային տվյալները

 

Կատարողները Վերջնարդյունքները
1. Հայ բարբառագիտության արդի խնդիրներ

 

Դասախոսության ընթացքում տեղեկություններ կտրվեն հայ բարբառների մասին, կներկայացվեն  բարբառագիտության ոլորտում կատարվող ուսումնասիրությունները, դրանց բնույթն ու ուղղվածությունը, անդրադարձ կկատարվի այն խնդիրներին, որոնք առկա են արդի հայ բարբառագիտության մեջ:

 

 

2

 

 

11.05.2022թ.

ժամը՝ 18:00-19:10,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

Վիկտոր Կատվալյան

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր

 

 

Դասընթացը   նախատեսված է դասախոսական  կազմի, ուսուցիչների, ուսանողների, բարձր դասարանների աշակերտների և ընդհանրապես հայոց լեզվի հարցերով հետաքրքրվողների համար, ովքեր ցանկանում են տեղեկություններ ստանալ  ինչպես հայոց լեզվի պատմական  զարգացման, այնպես էլ արդի իրողությունների մասին:

 

Դասընթացի ավարտին մասնակիցները

 կիմանան հայոց լեզվի պատմության, արևելահայերենի և արևմտահայերենի արդի հիմնախնդիրների մասին:

 

 Կկարողանան ներկայացնել և գնահատել հայոց լեզվի պատմական  զարգացման, արևելահայերենի և արևմտահայերենի արդի հիմնախնդիրների յուրահատկությունները:

Կտիրապետեն դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների:

 

2. Հայոց  լեզվի պատմության ուսումնասիրության  արդի  խնդիրներ

 

Կներկայացվեն հայերենի պատմական զարգացման առանձնահատկությունները, կրած փոփոխությունները, արդի վիճակը:

 

2

15.05.2022թ.,

ժամը՝ 18:00-19:10,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

Գայանե Մխիթարյան

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող,  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

3. Շարահյուսագիտության արդի խնդիրներ

 

Կներկայացվեն հայերենի շարահյուսական համակարգի խնդրահարույց իրողությունները, շարահյուսագիտության արդի հիմնախնդիրները:

 

2

 

 

18.05.2022թ.,

ժամը՝ 18:00-19:10,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

 

Լեոնիդ  Թելյան

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

4.  Արևմտահայերենի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ

 

Այսօր շատ են կարևորվում արևմտահայերենի պահպանման, ուսումնասիրության, ուսուցման հարցերը, որոնց ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում: Բանախոսության  ընթացքում կներկայացվեն արևմտահայերենի հիմնախնդիրները՝ կապված նշված իրողությունների հետ:

 

2

22.05.2022 թ.,

ժամը՝ 18:00-19:10,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

Անի Ֆիշենկջյան

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

5.  Մասնագիտական լեզվի ուսուցման խնդիրները բուհական համակարգում

Կներկայացվեն մասնագիտական լեզվի ուսուցման խնդիրները ոչ մասնագիտական բուհերում ու ֆակուլտետներում, ցույց կտրվեն դրա արտահայտման առանձնահատկությունները և հնարավորությունները, կքննվեն  մասնագիտական տերմինաբանության հարցեր:

2 25.05.2022 թ.,

ժամը՝ 18:00-19:10,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

Հենրիետա Սուքիասյան

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

                                    

 

                                                                      ԳՊՀ ռեկտորատ

 

 

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 Հայաստանում ‹‹Էրազմուս+›› գրասենյակի նախաձեռնությամբ առցանց և անցանց ձևաչափերով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ բուհերի արտաքին կապերի և միջազգային ծրագրերի պատասխանատու բաժինների ներկայացուցիչների և Բրյուսելի Վրիժե համալսարանի Կիրառական ֆիզիկայի և ֆոտոէլեկտրոնիկայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Հեիդի Օտտեվաերեի հետ։Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։ Այնուհետ պրոֆեսոր Հեիդի Օտտեվաերեն ներկայացրեց Բրյուսելի Վրիժե համալսարանի միջազգայնացման փորձը, համալսարանի Ճարտարագիտություն ֆակուլտետը և ֆակուլտետի բոլոր այն բաժինները, որոնց շրջանակում իրականացվում են ակադեմիական փոխանակման ծրագրեր, անդրադարձավ համալսարանում միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի իրականացման ընթացակագին, համալսարանի հետ համագործակցության սկզբունքներին և չափանիշներին։

Հանդիպման ավարտին ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան։

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավարտվեց Գավառի պետական համալսարանի իրականացրած հերթական վերապատրաստման դասընթացը, որին առցանց մասնակցում էին համալսարանի դասախոսներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, ուսանողներ։

Դասընթացի շրջանակում «Նախագիծ. նախագծի իրականացման քայլերը»  թեման ներկայացրեց Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ գնահատման բաժնի մասնագետ Սաթենիկ Հայթյանը: Ներկայացնելով նախարարի կողմից հանրակրթական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2022 թ. փետրվարի 18-ին հաստատված ուսումնական նախագծերի իրականացման կարգը՝ նա խոսեց նախագծային գործունեության կարևորության, նախագծային աշխատանքների, դրանց իրականացման քայլերի, տեսակների, ներկայացման ձևերի և գնահատման չափանիշների մասին: Կարևորվեցին նախագծերի իրականացման աշխատանքները, որոնց նպատակն է սովորողի ճանաչողական հմտությունների, մտքերը գրագետ ձևակերպելու, ըստ իրավիճակի ճիշտ կողմնորոշվելու, քննադատական, վերլուծական  և ստեղծագործական մտածողության կարողությունների  զարգացումը:

«Րիվինի մեթոդիկան  և Րիվինի հակադարձ մեթոդիկան» թեմայով դասը վարեց ԿԶՆԱԿ գնահատման բաժնի մասնագետ Վարսենիկ Հովսեփյանը: Նա մասնակիցներին ծանոթացրեց Րիվինի մեթոդիկայի առանձնահատկություններին, ներկայացրեց, թե սովորողների փոփոխվող զույգ կազմերով աշխատանքների իրականացման շնորհիվ ինչպես կարող են զարգանալ նրանց հաղորդակցական հմտությունները, անդրադարձավ տեքստերի ընկալման և վերլուծության  կարողություններին, ընդգծեց, որ Րիվինի մեթոդիկան նախատեսված է ուսումնական, գեղարվեստական և գիտական բարդ տեքստերի ուսումնասիրման համար, իսկ տեքստը պարբերություններով ուսումնասիրելու մեթոդիկայի կիրառումը սովորողների մեջ ձևավորում է այն վերլուծաբար հասկանալու կարողություն՝ ապահովելով նրանց ակտիվ ընդգրկվածությունը ուսուցման գործընթացին:

Մասնակից ուսուցիչների կողմից հնչեցին հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում։

ԱՎԱՐՏՎԵՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանը կազմակերպեց գրականության և բանահյուսության արդի հիմնահարցերին նվիրված հերթական առցանց վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։

Դասընթացի շրջանակներում «Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը և իրականության ռացիոնալիստական իմաստավորման ճգնաժամը» թեման ներկայացրեց համալսարանի Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը, ով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը ներկայացրեց հայ և համաշխարհային գրականության համապատկերում:

«Գրական ուղղությունները եվրոպական գրականության մեջ» թեման ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը: Նա անդրադարձավ եվրոպական գրականության մեջ ի հայտ եկած և աշխարհում տարածված գրական ուղղություններին, դրանց արտահայտման առանձնահատկություններին:

Ընթացքում հնչեցին հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում։

Մասնակցող ուսուցիչները մեծապես կարևորեցին նմանատիպ դասընթացների դերը գիտության արդի միտումներին հաղորդակից լինելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու գործում: Հնչեցին առաջարկություններ նմանատիպ դասընթացներ պարբերաբար կազմակերպելու վերաբերյալ:

Դասընթացն ամփոփեց ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը:

ԾՆՈՒՆԴԴ  ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր,  ՍԻՐԵԼԻ՛  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր լրացավ Գեղարքունյաց աշխարհի բարձրագույն դպրոցի՝ Գավառի պետական համալսարանի հիմնադրման 29-րդ տարեդարձը։

Գավառի պետական համալսարանի հիմնադրումն ազդարարվեց ՀՀ Կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ։ Բուհի հիմնադիր ռեկտորը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է, ով իր դստեր՝ այն ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի և իր համախոհների համառ ջանքերով իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ հայրենի եզերքում ստեղծեց համալսարան։

Հիմնադիր ռեկտորի երազանքն իրականացել է․ համալսարանը կրթել և կյանք է ճանապարհել շրջանավարտների 25 սերունդ՝ ավելի քան 8000 մասնագետներ, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Համալսարանն ունի որակյալ պրոֆեսորա-դասախոսական և վարչական անձնակազմ, որը սիրով ու նվիրումով կատարում է երիտասարդ մասնագետների կրթության ու դաստիարակության իր կարևոր առաքելությունը։ Բուհում սովորում են ուսանողներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզից, Երևանից և այլ տարածաշրջաններից։

Շնորհակալություն, մեր սիրելի՛ համալսարան՝ կրթության և գիտության ջահը վառ պահելու, մեզ դեպի մասնագիտությունների զարմանահրաշ աշխարհ ուղեկցելու,  ճիշտ ուղղորդելու, սովորողների կարողություններն անընդհատ զարգացնելու և կատարելագործելու, լույս և բարձր արժեքներ տարածելու համար, շնորհակալություն այն սիրո և ջերմության համար, որ թևածում են Գավառի պետական համալսարանի կամարների ներքո։

Երախտագիտություն ենք հայտնում մեր սիրելի՛ բուհի հիմնադիրներին,  դասախոսներին և աշխատակիցներին, ԳՊՀ բարեկամներին ու բոլոր գործընկերներին, հաջողություն մաղթում համալսարանի ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին։

ԿԱՅԱՑԱՎ ‹‹ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ›› ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ս թ մայիսի 4-ին գումարվեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։ Նիստը վարեց ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի  նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցեց 18 անդամ։ Նիստին ներկա էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվեց և հաստատվեց ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։ Այնուհետ ռեկտորի թեկնածուն ներկայացրեց գործունեության ծրագիրը, անդրադարձավ բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։ Ծրագրի դրույթների վերաբերյալ  հարցուպատասխանից հետո ելույթ ունեցան ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Արփի Միրիբյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդուարդ Ղազարյանը, ովքեր հավանություն տվեցին գործունեության ծրագրին և պաշտպանեցին հավակնորդի թեկնածությունը։ Ելույթներից հետո խորհրդի կազմից ընտրվեց հաշվիչ հանձնաժողով, որը սահմանված կարգով կազմակերպեց  փակ (գաղտնի) քվեարկություն։ Արդյունքում՝ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և  0 անվավեր ձայներով ընտրվեց «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ընտրության արդյունքները և որոշումը ներկայացրեց կրթության պետական կառավարման լիազոր մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։